ԵՄ-ն չի կարողանա համաձայնեցնել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը. Կայա Կալլաս
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը խոստովանել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողանա համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ նախարարական հանդիպմանը ժամանելուն պես, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք քննարկելու ենք պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Տեսնում եք, որ այսօր առաջընթաց չի լինի, բայց մենք ջանքեր կգործադրենք», – հայտարարել է նա։ – «Մենք կլսենք բոլոր առարկությունները և կմտածենք, թե ինչ կարելի է անել»։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ամեն ինչ անում է պատժամիջոցներն առաջ մղելու համար, աշխատում է այն երկրների հետ, որոնք արգելափակում են դրանք, սակայն շատ կոշտ հայտարարություններ է լսում այդ երկրներից։
«Ես չեմ կարծում, որ նրանք այսօր փոխեն իրենց դիրքորոշումը», – նշել է Կալլասը։



