Զելենսկին մեղադրել է Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ՝ նշելով, որ դրան պատասխանելու միակ տարբերակը ռազմական ու տնտեսական ճնշումը մեծացնելն է, ինչը կարող է ստիպել ռուսական կողմին հետքայլ անել։ Այս մասին նա խոսել է BBC-ին տված հարցազրույցում։
Զելենսկին նշել է, որ դեմ է Պուտինի պահանջների կատարմանը, մասնավորապես՝ ուկրաինական զորքերը ռազմավարական շրջաններից դուրս բերելու պահանջին։
«Այսօր Պուտինին կանգնեցնելը, Ուկրաինան օկուպացնելու գործում նրան խոչընդոտելն աշխարհի հաղթանակն է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա պնդել է, որ ուկրաինական բոլոր տարածքները հետ բերելը միայն ժամանակի հարց է։
«Եթե դա անենք այսօր, դա կնշանակի կորցնել մեծ թվով մարդկանց, միլիոնավոր մարդկանց, քանի որ մյուս բանակն ավելի մեծ է։ Մենք հասկանում ենք այդ քայլերի արժեքը։ Բացի այդ, մենք նաև չունենք համապատասխան քանակի զենք։ Դա արդեն կախված է ոչ միայն մեզնից, այլև մեր գործընկերներից»,- հայտարարել է Զելենսկին։
Նա տեղեկացրել է, որ դեռևս չի որոշել՝ կրկին կառաջադրվի նախագահական ընտրություններում, թե ոչ։Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2024 թվականին, բայց դրանք անհնար դարձան, քանի որ օրենքն արգելում է քվեարկել ռազմական դրության ժամանակ, որը մտցվել էր Ռուսաստանի հարձակումից հետո։
Զելենսկիի խոսքով՝ ընտրությունների անցկացումը տեխնիկապես հնարավոր է, եթե Ուկրաինան ժամանակ ունենա համապատասխան փոփոխություններ կատարել իր օրենքներում։ Բայց նախ, նախագահի խոսքով, Ուկրաինան պետք է ստանա անվտանգության երաշխիքներ։



