ԱՄՆ-ն երեք օրում 68 ռազմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք. Financial Times
ԱՄՆ-ն երեք օրում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմին ավելի մոտ տեղափոխել է 39 լցավորող ինքնաթիռ և 29 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, այդ թվում՝ Boeing C-17 Globemaster III: Այս մասին հաղորդում է Financial Times (FT) թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել նաև հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ:
Վաշինգտոնյան վերլուծական Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ռազմավարության փորձագետ Բեքի Վասերի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է խմբավորում, որն անհրաժեշտ է տևական ռազմարշավ անցկացնելու համար: Նրա խոսքով՝ զորքերի այս կուտակումը «դատարկ սպառնալիք չէ»:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի ընդունել միջուկային համաձայնագրի՝ Վաշինգտոնի համար շահավետ պայմանները՝ դրա հետ մեկտեղ խուսափելով լայնածավալ գրոհից: Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ նման հարված կարող է հասցվել մի քանի օրում: CBS հեռուստաընկերության պնդմամբ՝ գործողությունը կարող է սկսվել արդեն փետրվարի 21-ին։
Փետրվարի 17-ին Ժնևում տեղի է ունեցել միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ։ Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ձեռք է բերվել փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում։ Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան հայտարարած մի շարք դիրքորոշումներ։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը վճռականորեն կարձագանքի իր դեմ ուղղված ցանկացած ռազմական ագրեսիայի, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ։



