ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռների թռիչքն ընդհատելու մասին
ԱՄՆ Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) փետրվարի 19-ին «հայտնաբերել և հետևել է» ռուսական երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչի, երկու Սու-35 կործանիչի և մեկ A-50 ռադիոլոկացիոն կառավարման ինքնաթիռի, որոնք «գործում էին Ալյասկայի օդային պաշտպանության նույնականացման գոտում»։
Այս մասին նշված է X սոցիալական հարթակում NORAD-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ հրամանատարության՝ երկու F-16, երկու F-35, մեկ E-3 և չորս KC-135 մարտական ինքնաթիռներ օդ են բարձրացել՝ ինքնաթիռների «թռիչքն ընդհատելու, դրանք դրականորեն նույնականացնելու և մինչև Ալյասկայի օդային պաշտպանության նույնականացման գոտուց դուրս գալն ուղեկցելու համար»։
2025 թ․ օգոստոսի 15-ին նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպեցին Ալյասկայում՝ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հարցը քննարկելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր պատերազմը դադարեցնելու ջանքերում, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում առաջընթացը մեծ չէ։
BBC-ն նշում է, որ ռազմական ինքնաթիռների թռիչքների ընդհատումները տեղի են ունենում պարբերաբար և չեն վկայում իրավիճակի սրման մասին։



