Վաշինգտոնում ցուցարարները հայտնել են Ալիևի թիկնապահների կողմից հարձակման ենթարկվելու մասին. Washington Post
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա գտնվող Փենսիլվանիա պողոտայի «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցի դիմաց հարձակվել են Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ անող ցուցարարների վրա։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը։
Հարձակման ենթարկվելու մասին Washington Post-ին հայտնել են ցուցարարներից մի քանիսը։ Uber-ի վարորդ 27-ամյա Ռահիմ Յագուբլուն, որի հայրը բանտարկված է Ադրբեջանում, հայտնել է, որ հյուրանոցի դիմաց բողոքի ակցիայի էր մասնակցում փետրվարի 19-ի կեսօրին, երբ Ալիևի թիկնապահները սկսել են ծեծել իրեն՝ խփելով ծնոտին և ոտքով հարվածելով որովայնին։
Յագուբլուն ասել է, որ իր հայրն ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն է, որը 2025 թվականին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման կեղծիքի և խարդախության մեղադրանքներով։ Amnesty International իրավապաշտպան խումբը դատավարությունն անվանել է «կեղծ»։
Յագուբլուն նշել է, որ ոստիկանությունը մոտակայքում էր, բայց չի միջամտել։ Մի քանի րոպե անց թիկնապահները հեռացել են, և ցուցարարները շտապօգնություն են կանչել։ Բժիշկները դեպքի վայրում ստուգել են վնասվածքները և հեռացել։ Նա հավելել է, որ ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել։
«Սա պարզապես ցույց է տալիս, որ նա (խմբ.՝ Ալիևը) բռնապետ է, և իմ երկրում խոսքի ազատություն չկա», – ասել է Յագուբլուն։
Մեկ այլ ցուցարար՝ 35-ամյա Ադիլ Ամրախլին, հայտնել է, որ վնասել է ոտքը թիկնապահներից փախչելիս։ Նրա խոսքով՝ առնվազն չորս այլ անձինք, այդ թվում՝ Յագուբլուն, վիրավորվել են։ Ամրախլին հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները հյուրանոցի մուտքի մոտից վազել են դեպի մեկ այլ մուտք՝ փորձելով կանխել Ալիևի աննկատ հեռացումը։
«Մենք մտադիր էինք խաղաղ բողոքի ակցիա անցկացնել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին», – ասել է Ամրախլին։
Ալիևը Վաշինգտոնում էր՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած այլ առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին մասնակցելու նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Washinton Post-ը նշում է, որ Ալիևը տասնամյակներ շարունակ Ադրբեջանում այլախոհության նկատմամբ բռնապետական ճնշումներ է իրականացրել։
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Թոմ Լինչը հայտարարել է, որ դեպարտամենտի հատուկ գործողությունների բաժնի անդամները և ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները գտնվել են Ադրբեջանի նախագահի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վայրում։ Նա չի ասել՝ արդյոք ոստիկանությունը միջամտել է, և արդյոք միջադեպում ներգրավված թիկնապահները մնացել են Միացյալ Նահանգներում փետրվարի 19-ի երեկոյան։ Լինչը նշել է, որ հարցը փոխանցվել է Պետքարտուղարությանը։
Իր հերթին, ԱՄՆ գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին ասել է, որ Գաղտնի ծառայության դերն «անվտանգության ենթակառուցվածքների և պաշտպանական գործողությունների ստեղծումն էր» Վաշինգտոն այցելած ղեկավարների համար։ Հյուրանոցը այս գործողությունների մաս էր կազմում, քանի որ «այդտեղ էր գտնվում տվյալ պատվիրակությունը»։ Խոսնակն ասել է, որ լրացուցիչ տեղեկատվություն պետք է տրամադրի Պետքարտուղարությունը։ Գերատեսչությունը, սակայն, առայժմ չի արձագանքել միջադեպը մեկնաբանելու հարցմանը։ Մեկնաբանություն չի տրամադրել նաև Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը։
Լրատվամիջոցը նշում է, որ ժամը 16:00-ի դրությամբ տարածքը մաքրվել էր բախման բոլոր հետքերից:
Washington Post-ը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության հետ կապված նախկին միջադեպերի մասին. 2017 թվականին Էրդողանի թիկնապահները ցուցարարների հետ բախումներ էին հրահրել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: 11 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ ոստիկան: Այս միջադեպից մեկ տարի առաջ Էրդողանի թիկնապահները բախվել էին ցուցարարների հետ Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի դիմաց։



