Չարլզ III-ի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել. նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որի նկատմամբ հետաքննություն է սկսվել, ազատ է արձակվել. փետրվարի 19-ին նա ձերբակալվել էր պետական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թեմզայի հովտի ոստիկանությունը հայտնել է, որ ավարտվել են խուզարկությունները Նորֆոլկի կալվածքում, որտեղ բնակվում էր նախկին արքայազն Էնդրյուն։
Ոստիկանությունը հավելել է, որ «մանրակրկիտ գնահատումից հետո» այժմ պաշտոնական հետաքննություն է սկսվել։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը հետաքննում է Էնդրյուի կապերը սեռական հանցագործությունների համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, ինչպես նաև մեղադրանքներն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս (2001-2011 թթ.) նա կարող էր չարաշահել պետական պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշտեյնին։
Նախկին արքայազնը հերքում է բոլոր մեղադրանքները։
Վերջերս հրապարակված Էփշտեյնի ֆայլերում առկա էլեկտրոնային նամակներն, ամենայն հավանականությամբ, ցույց են տալիս, թե ինչպես է նախկին արքայազնը Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած այցելությունների մասին հաղորդագրություններ և ներդրումային հնարավորությունների գաղտնի մանրամասներ փոխանցել։ Այցելություններից հետո՝ 2010 թ. նոյեմբերի 30-ին, նա, ամենայն հավանականությամբ, Էփշտեյնին է ուղարկել այդ այցելությունների մասին իր այն ժամանակվա հատուկ խորհրդական Ամիթ Պատելի ուղարկած պաշտոնական հաղորդագրությունները՝ դրանք ստանալուց հինգ րոպե անց։Էփշտեյնի գործում կային նաև Աֆղանստանում ներդրումային հնարավորությունների մասին մանրամասներ, որոնք բնութագրվում էին որպես «գաղտնի», սակայն, ամենայն հավանականությամբ, փոխանցվել են Էփշտեյնին 2010 թ. դեկտեմբերի 24-ին։Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից։
Եղբոր ձերբակալությունից հետո Չարլզ III-ը հայտարարել էր, որ օրենքը պետք է գերակայի։



