Արաղչին Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախապատրաստական հարցերը
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին Ժնևում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու փետրվարի 17-ին Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են փոխըմբռնման և կոնսենսուսի խթանման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը՝ այս բանակցությունների կողմերի նպատակներին և ձգտումներին համապատասխանող համաձայնության հասնելու համար։
Օմանի ԱԳ նախարարը հաստատել է Օմանի Սուլթանության անսասան հանձնառությունը երկխոսությանը և դիվանագիտությանն աջակցելու հարցում, ինչպես նաև ձգտումը՝ շարունակելու խթանել անվտանգությանը, խաղաղությանը և կայունությանն աջակցող ջանքերին՝ այդպիսով զերծ պահելով տարածաշրջանը և նրա ժողովուրդներին պատերազմների և հակամարտությունների ավերածություններից:
Նա բարձր է գնահատել այն, որ երկու երկրներն այս հարցում վստահություն են ցուցաբերել Օմանի միջնորդական ջանքերի նկատմամբ՝ հավելելով, որ Օմանը դրան մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։ Ինչպես առաջիկա բանակցությունների դեպքում, Իրանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։



