Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան. «Հետք»

Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում, գրում է «Հետքը»։

Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին և որպես հետևանք իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Մելքոնյանին։ Վերջինս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։

Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:

Այս գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սիմա Աբովյանին։

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ։

Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ խորան, ավանդատուն և ատյան։

Հիշեցնենք՝ 2026թ. հունվարի 15-ին էլ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն (Արման Սարոյան) է հայց ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու։ Նա պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ արգելելով «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, եկեղեցու կանոնադրությամբ, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով կատարել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։ Բացի այդ, ըստ դատական ակտի, չպետք է խոչընդոտվի Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Սակայն, Գերագույն հոգևոր խորհրդի 2026թ. հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ինչից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ 6 բարձրաստիճան հոգևորականի և մեկ քահանայի մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։

Տեսանյութեր

Լրահոս