Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հիմնավորվել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար նրանից կաշառք է ստացել:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և նշված ապրանքատեսակի ներմուծման ընթացքն արագացնելու համար վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից»,– մանրամասներ են հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս