Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։

«Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է զարգացնելու համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը»,- գրում է Associated Press գործակալությունը՝ չհստակեցնելով, թե որ օրն է ԱՄՆ փոխնախագահը ժամանելու Հայաստան և Ադրբեջան։

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը իտալական Միլան քաղաքում տեղի է ունենալու փետրվարի 6-ին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», – Truth Social-ում գրել էր ԱՄՆ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս