ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են հանդիպել Օմանում. Reuters
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնել են փետրվարի 6-ին բանակցություններ անցկացնել Օմանում։
Այս մասին ամերիկյան և իրանական կողմերի ներկայացուցիչները հայտնել են Reuters-ին։
Վերջին օրերին քննարկումներ էին տեղի ունենում հնարավոր հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ։ Կային տեղեկություններ, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնություններով պայմանավորված հանդիպումը չի կայանա։ Սակայն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հերքել է այդ լուրերը՝ հաստատելով, որ հանդիպումը կայանալու է։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 4-ին հայտնել էր, որ եթե իրանական կողմը ցանկանում է հանդիպել, ապա իրենք ևս պատրաստ են։
Նա հավելել էր, սակայն, որ բանակցությունները, միջուկային հարցերից բացի, պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին Իրանի աջակցությանը և սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցեր։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ բանակցությունների շրջանակից հանվել է Իրանի միջուկային ծրագրի հարցը։
Լրատվամիջոցին բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ ակնկալվում է բանակցություններին Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների մասնակցությունը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ միասին։
