Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել միայն ԱՄՆ-ի հետ․ Խամենեիի խորհրդական

Իրանը բազմիցս հաստատել և ցույց է տվել իր պատրաստակամությունը՝ գործնական բանակցություններ վարելու Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե որևէ այլ կողմի հետ։ Այս մասին Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։

«Եվրոպան գործնականում ապացուցել է իր անկարողությունը որևէ բան անելու այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս եկավ միջուկային համաձայնագրից, ինչպես նաև նախորդ տարվա հունիսի պատերազմից առաջ բանակցություններում, այն աստիճան, որ Թրամփը նույնիսկ թույլ չտվեց նրանց միջամտել այս հարցերին», – նշել է Շամխանին։

Նրա խոսքով՝ բանակցությունների թեման «միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է և միայն միջուկային հարցի վերաբերյալ, որի շուրջ էլ կարելի է համաձայնության գալ»։

Նա հավելել է, որ «ընդհանուր առմամբ, կա երկխոսության և բանակցությունների հնարավորություն, եթե մենք հեռանանք սպառնալիքների մթնոլորտից և հռետորաբանությունից, սպառնալիքների գործիքներից և նախապատրաստություններից, և որ մենք նստենք արդարացի բանակցությունների սեղանի շուրջ և սկսենք երկկողմ բանակցություններ՝ հիմնվելով փոխըմբռնման հասնելու վրա, և խուսափենք անտրամաբանական և անհիմն պայմաններից ու պահանջներից»։

«Եթե բանակցությունները սկսվեն նշված պայմաններով և երկու հիմնական պայմանով՝ զերծ մնալ սպառնալիքներից և նաև անտրամաբանական հրամաններից, ապա, իհարկե, հնարավոր են ամերիկյան կողմի հետ ուղիղ և անուղղակի հանդիպումներ», – ասել է Շամխանին՝ ի պատասխան հարցի՝ արդյոք իրանական և ամերիկյան կողմերի միջև Թուրքիայում հանդիպումներ են սպասվում։

Ուղիղ բանակցությունների վերաբերյալ նա նշել է, որ «դրանց նախորդելու են անուղղակի բանակցությունները»։

«Եթե փոխըմբռնում լինի, և եթե այն ձևավորվի արագ տեմպերով, ապա իրավիճակը կարող է փոխվել ուղիղ բանակցությունների, և դրանք կլինեն միայն միջուկային հարցի շուրջ, քանի որ բանակցությունների պայմաններից մեկն է այն, որ դրանք սահմանափակվեն միջուկային խնդրով», – նշել է նա։

ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ մոտ ապագայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բացառվել են այն բանից հետո, երբ նրանք կիրառել են, այսպես կոչված, snapback մեխանիզմը՝ վերականգնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն Իրանի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս