Բիլ և Հիլարի Քլինթոնները համաձայնել են Կոնգրեսում ցուցմունք տալ Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ Հիլարին, որը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, համաձայնել են ցուցմունք տալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովում՝ քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի ֆոնին:
Այս մարմինը, որը գլխավորում են հանրապետականները, հետաքննում է պեդոֆիլիայի և սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերը ազդեցիկ անձանց հետ։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էփշտեյնի գործի վերաբերյալ հրապարակված միլիոնավոր փաստաթղթերում Քլինթոնը բազմիցս հիշատակվում է, կան նաև նախկին նախագահի լուսանկարները ֆինանսիստի հետ։
Այնուամենայնիվ, Էփշտեյնի գործողությունների զոհերը երբեք մեղադրանք չեն ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահի կամ նրա կնոջ դեմ, իսկ Քլինթոններն իրենք պնդում են, որ ոչինչ չգիտեին նրա հանցագործությունների մասին։
Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, մտադիր էր քվեարկել այն հարցի շուրջ, թե արդյոք քրեական պատասխանատվության ենթարկել Քլինթոններին Վերահսկիչ հանձնաժողովի լսումներին չներկայանալու համար։
ԱՄՆ Կոնգրեսն իրավասու է կալանավորել նրանց, ովքեր հրաժարվում են վկայություն տալ կամ որևէ փաստաթուղթ տրամադրել։
Կոնգրեսը կարող է նաև դիմել Արդարադատության նախարարությանը՝ հետապնդում իրականացնելու անհարգալից վերաբերմունքի համար մեղադրվող անձանց նկատմամբ կամ խնդրել դատարանին որոշում կայացնել, որը կպարտադրի կատարել օրենսդիրների կողմից տրված դատական ծանուցագիրը։
ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է 100 000 դոլար տուգանք և մինչև մեկ տարի ազատազրկում։
Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը հայտարարել է, որ Քլինթոնները ցուցմունք տալու համար կանչվել են շուրջ 5 ամիս առաջ, սակայն չեն ներկայացրել, որից հետո հանձնաժողովը կողմ է քվեարկել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։Քլինթոնները նշել են, որ որոշել են ցուցմունք չտալ Կոնգրեսի առջև, քանի որ լսումներն «ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեն»։ Սակայն փետրվարի 2-ին Բիլ Քլինթոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ամուսինները կներկայանան Կոնգրեսում լսումներին։
Քլինթոնի և Էփշտեյնի լուսանկարներն արվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 1990-ականներից մինչև 2000-ականների սկիզբը, մինչև Էփշտեյնի ձերբակալությունը սեռական հանցագործությունների մեղադրանքով։
Բիլ Քլինթոնի ներկայացուցիչները պնդում են, որ նա խզել է բոլոր կապերը Էփշտեյնի հետ նախքան նրա հանցագործությունների մասին հայտնի դառնալը։
2019 թ. օգոստոսին Էփշտեյնին մահացած են գտել իր բանտախցում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ինքնասպան է եղել։
