«Թագուհի Թովմասյանը կին չէ՞ր, որ իրենց պատգամավորը, խմբակցության քարտուղար լինելով, ասաց` գնա, սեռավարակի թեստ հանձնիր: Ո՞ւր էին այդ ժամանակ կանանց դատապարտումները, որ այսօր հարձակվել են մի ինչ-որ անհաջող ձեւակերպման համար». «Հրապարակ»

Հայաստանը մի երկիր է, որտեղ բոլորը, այդ թվում՝ կին ընդդիմադիր գործիչները, բուլինգի են ենթարկվում եւ թիրախավորվում իշխանականների ու իշխանական ֆեյքերի կողմից: Նրանցից մեկը նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նա մեզ հետ զրույցում խոսելով կանանց իրավունքների եւ իշխանությունների կնատյաց վերաբերմունքի մասին՝ նկատեց.

«Ես հետեւում եմ, թե ինչ է կատարվում վերջին օրերին` մի կետից հրահանգվող: Ինչ-որ մի անհաջող կատակ, կոնտեքստից կտրված՝ արդեն քանի օր է՝ տարածում ու տարածում են: Ես նայեցի հաղորդման ամբողջական տարբերակը․ փոդքասթը վարողն է սկսում այդ թեման եւ խոսում է ակնհայտ փաստերի մասին: Այո, չի կարող երջանիկ, ինքնաբավ, բոլոր առումներով բավարարված կինը 24 ժամ նստել եւ Ֆեյսբուքում հայհոյանք գրել, չի կարող իր կողքին սիրող տղամարդ ունեցող կինն իր ամուսնուն ասել` մի գրկիր ինձ, մի սիրիր ինձ, ես հիմա պետք է նստեմ՝ Նաիրա Զոհրաբյանի կամ մեկ այլ կնոջ հասցեին սեռախեղված հայհոյանք գրեմ: Ժամանակին, երբ ես հանդգնություն ունեցա առաջադրվելու հեղափոխական էյֆորիայի ալիքում, որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, իմ դեմ նողկալի արշավ սկսվեց` որպես կին: Ես բոլոր նյութերը, սեռախեղված կոլաժներն ու մոնտաժված ձայնագրությունները եւ կանանց գնդի սեռախեղված հայհոյանքները, սպառնալիքներն ու նամակները պահել եմ, ու գալու է մի օր, որ դրանք ներկայացնելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչ է` ես կին չե՞մ: Ձայնագրություններ էին մոնտաժել, թե իբրեւ ես սփյուռքահայերին լափակեր եմ անվանել: Ինձ վրա փնթի կանանց մի խումբ էր հարձակվել այդ շրջանում, նրանք առաջին հերթին պետք է լողանային, հետո նոր իրավունք ունենային կարծիք հայտնելու, սակայն իրենց մեծ իրավունքներ էին վերապահված, քանի որ այդ ամենն ուղղորդված էր: Մի՞թե ես կին չէի: Այսօր խոսում են կանանց իրավունքների մասին, սակայն այդ ամենը ոչ մի աղերս չունի այն արժեքների հետ: Կամ՝ Թագուհի Թովմասյանը կին չէ՞ր, որ իրենց պատգամավորը, խմբակցության քարտուղար լինելով, ասաց` գնա, սեռավարակի թեստ հանձնիր: Ո՞ւր էին այդ ժամանակ կանանց դատապարտումները, որ այսօր հարձակվել են մի ինչ-որ անհաջող ձեւակերպման համար: Ի վերջո` մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, որն ունի խնդիրներ: Խոսքն այն կանանց մասին է, որոնք ունեն հոգեբանական խնդիրներ, իսկ հոգեբանական խնդիրները շատ հաճախ գալիս են հենց ֆիզիոլոգիական խնդիրներից: Այդ մասին խոսելն ամոթ չէ: Մենք պետք է ունենանք համարձակություն՝ խոսելու այն մասին, թե ինչն է դրդում հայ կնոջը նստել եւ սեռական հայհոյանքներ գրել այս կամ այն անձի մասին, կամ՝ ի՞նչը կարող է հայ կնոջը դրդել՝ Նիկոլին գրել՝ «պլորներդ ուտեմ», եթե ոչ անբավարարվածությունը»:

Տեսանյութեր

Լրահոս