25 հաղորդում, տասնյակ տուժածներ․ ինչու իրավապահները «հանցանքի տարրեր» չեն տեսնում Արսեն Հովհաննիսյանի արարքներում. «Հետք»
Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են Արսեն Հովհաննիսյանի խարդախությունների մասին։ Նա List.am կայքում տեղադրված հայտարարություններով թանկարժեք իրեր, տեխնիկա, ավտոպահեստամասեր է ձեռք բերում, ուղարկում փոխանցման կեղծ կտրոններ և անհետանում։ Իրավապահ մարմիններն այդ արարքներում հանցանքի տարրեր չեն գտնում, գրում է Hetq.am-ը։
2024 թ. հոկտեմբերի 6-ին Ալլա Սալնազարյանն ընկերուհու ծննդյան խնջույքին ծանոթացել էր Արսեն Հովհաննիսյանի հետ։ Շփման ընթացքում Ալլան պատմել էր, որ օրեր առաջ 14 000 դոլարով վաճառել է BMW X6 մակնիշի իր մեքենան։ Գնորդը նախնական 2900 դոլար էր վճարել, մնացած գումարը պետք է փոխանցեր 10 օրվա ընթացքում։ Օրեր անց գնորդն Ալլային հայտնել է, որ վարելու ընթացքում մեքենայի շարժիչը պայթել է, ուստի ուզում է վերադարձնել այն։ Ալլան չէր կարողանում գնորդի հետ ընդհանուր հայտարարի գալ: Լսելով պատմությունը՝ Արսենն առաջարկել է իր օգնությունը։
«Շարժիչն իր մեղքով էր պայթել, քանի որ ես այն վաճառել էի լավ վիճակում, մեքենան մի քանի անգամ կանգ առնելու հրահանգ էր տվել, անգլերեն լեզվով մոնիտորին գրվել էր, չէին հասկացել, շարունակել էին վարել։ Արսենն ասեց, որ ինքը կարող է բանակցի մեքենայի գնորդի հետ»,-պատմում է Ալլան:
Արսեն Հովհաննիսյանն Ալլային առաջարկել էր Դուբայից նոր շարժիչ բերել, փոխել։ Ալլան Արսենին 4000 դոլար էր տվել նոր շարժիչի համար։
«Բացի շարժիչի համար վճարած 4000 դոլարը, ես նաև, երկու ամիս շարունակ, գումար եմ փոխանցել Արսենին՝ իբրև մեքենայի տարբեր պահեստամասեր գնելու, վերանորոգման ծախսեր անելու համար, այդ բոլոր կտրոնները պահել եմ, իմ վճարած ընդհանուր գումարը կազմել է 700 000 դրամ։ Բայց գիտեմ նաև, որ մեքենայի գնորդից է գումար վերցրել՝ մեքենան նորոգելու պատրվակով»,-ասում է նա։
2025 թվականի հունվարին Ալլա Սալնազարյանը հասկացել է, որ խաբեության զոհ է, քանի որ Արսենը շարունակել է իրենից գումար վերցնել, իսկ մեքենան այդպես էլ չի վերանորոգվել։ Խոստացած շարժիչը Հայաստան չի հասել։ Մի քանի անգամ Արսեն Հովհաննիսյանը կեղծ կտրոններ է ուղարկել Ալլային՝ համոզելու, թե վճարումներ է կատարել։
Ալլան համացանցում փնտրել է Արսեն Հովհաննիսյանի անուն ազգանունն ու բազմաթիվ գրառումներ գտել, թե ինչպես են սոցիալական տարբեր ցանցերում մարդիկ պատմում Արսեն Հովհաննիսյանի խաբությունների մասին՝ գումարի, տեխնիկայի, թանկարժեք իրերի յուրացման պատմություններ։

Նա հանդիպել է Արսեն Հովհաննիսյանի հորը՝ Գագիկ Հովհաննիսյանին, խնդրել, որ հոր միջնորդությամբ որդին վերադարձնի իր գումարները։ Ըստ Ալլայի՝ Գագիկ Հովհաննիսյանը սկզբում ասել է, թե կխոսի որդու հետ, բայց օրեր անց հայտնել է, որ ոչինչ անել չի կարող, քանի որ Ալլան միակը չէ, նույն խնդրանքով պարբերաբար տարբեր մարդիկ են իրեն դիմում։
«Ինքն ասեց՝ ես էլ բան չեմ անելու, թող ինքն իր հարցերը լուծի»,- պատմում է Ալլան։
Ալլա Սալնազարյանի խոսքով, Արսեն Հովհաննիսյանից բազմիցս պահանջել է վերադարձնել իր գումարները, բայց նա վիրավորել, հայհոյել և սպառնացել է։ Այդ մասին Ալլան հայտնել է ոստիկանությունում։
2025-ի հունվարի 22-ին Ալլա Սալնազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Իր խոսքով՝ ոստիկանությունում բոլորը գիտեին Արսեն Հովհաննիսյանի մասին։ Ալլային ասել են, որ նա հայտնի է, բազմաթիվ հաղորդումներ են ստացել իր վերաբերյալ։
Հունվարի 22-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով (խարդախություն), և Սալնազարյանը ճանաչվել է տուժող։ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հսկող դատախազ Խալուհի Մովսիսյանը որոշել է Արսեն Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ պատճառաբանելով, թե գումարները կողմերի միջև փոխանցվել են որպես պարտք։ Ալլայի պնդմամբ՝ Արսեն Հովհաննիսյանին երբեք պարտքով գումար չի տվել։
Ոստիկանությունը գործը փոխանցել է Քննչական կոմիտե, բայց նախաքննական մարմինը, Ալլայի խոսքով, գործուն քայլեր չի ձեռնարկել։ 2025-ի մարտին Ալլան ստիպված է եղել մեքենան վերանորոգողին 2 մլն 600 000 դրամ վճարել։ «Երևի պատկերացնում եք՝ վարկով, պարտքով, ինչքան եմ էստեղից, էնտեղից փող ճարել, որ մեքենաս վերցնեմ արհեստավորի մոտից»,-ասում է նա։
Դատախազը գործում չի ներառել ապացույցները
Դժգոհ մնալով գործի քննությունից՝ Ալլա Սալնազարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ վիճարկելով քրեական վարույթով ընդունված մի շարք որոշումներ։ Մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Քննչական կոմիտեն հիմք է ընդունել առերեսման ժամանակ Արսեն Հովհաննիսյանի այն պնդումը, թե Ալլա Սալնազարյանից այդ գումարները պարտքով է վերցրել։
Ըստ տուժողի՝ 2025 թվականի հունվարի 22-ին ինքը իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել, որ նախկինում ունեցած մտերիմ հարաբերությունների ընթացքում Արսեն Հովհաննիսյանին տարբեր եղանակներով փոխանցել է ընդհանուր առմամբ 4 700 000 դրամ, ինչպես նաև՝ տրամադրել է իր ավտոմեքենան և 3 բջջային հեռախոս՝ վերանորոգման համար։ Գումարները փոխանցվել են կոնկրետ նպատակներով՝ ավտոմեքենայի վերանորոգման, շարժիչի և պահեստամասերի ձեռքբերման, հարկադիր վճարների և գույքահարկի մարման, սակայն այդ նպատակներին չեն ծառայել։
Ալլայի պնդմամբ, քրեական վարույթի նյութերում չկա որևէ գրավոր կամ այլ ապացույց, որը կհաստատի գումարները պարտքով տալը։ Հակառակը, առկա են հաղորդագրություններ, որտեղ երևում է, թե ինչի համար է Արսենը Ալլայից գումար վերցրել, սակայն այդ փաստերը գործին չեն կցվել։
Ալլա Սալնազարյանը բողոք է ներկայացրել նաև քննիչ Վարդանյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ, որով վերջինս հրաժարվել է նոր քրեական վարույթ նախաձեռնել իր հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ։ Տուժողի խոսքով՝ առերես հարցաքննությունից հետո Արսեն Հովհաննիսյանն իրեն, իր երեխային, հարազատներին և նույն վարույթով հարցաքննված վկա՝ Ալլա Սալնազարյանի ընկերուհի Քրիստինե Գևորգյանին (որի ծննդյան խնջույքին ծանոթացել են) սպառնալիքներ և հայհոյանքներ պարունակող ձայնային և գրավոր հաղորդագրություններ է ուղարկել։
Ալլա Սալնազարյանը նոր վարույթ նախաձեռնելու միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ և 495-րդ հոդվածներով (խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, ուրիշի գույքը կամ գույքային իրավունքի հափշտակում), սակայն քննիչը մերժել է։ Չնայած դատախազ Խալուհի Մովսիսյանը հետագայում բավարարել է այդ մերժման դեմ ներկայացված բողոքը և պարտավորեցրել հանցագործության մասին հաղորդմանն ընթացք տալ, քննիչը կրկին վարույթ չի նախաձեռնել։
Ալլան պնդում է, որ իր ներկայացրած ձայնագրությունների և հաղորդագրությունների բովանդակությունը փաստացի չի ուսումնասիրվել, իսկ որոշումները կայացվել են առանց սպառնալիքների կոնկրետ ձևակերպումների և հանգամանքների գնահատման։
Արսեն Հովհաննիսյանը տարբեր ժամանակահատվածներում ներգրավված է եղել մի քանի այլ քրեական գործերով, հիմնականում՝ խարդախության հոդվածներով։ «Դատալեքս» դատական տեղեկատավական համակարգում Արսեն Գագիկի Հովհաննիսյանի վերաբերյալ 4 քրեական գործ կա խաբեության, գողության, խարդախության, կողոպուտի վերաբերյալ։ Երեք դատական գործեր քննության ընթացքում են, մեկով խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ 3 ամսով։
Ալլա Սալնազարյանը Քննչական կամիտեից պահանջում է վերացնել ինչպես քրեական հետապնդում չհարուցելու, այնպես էլ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումները և ապահովել գործի լիարժեք, բազմակողմանի քննություն։
Տուժածները շատ են, խարդախություն կատարողի տեղը՝ անհայտ
«Հետքը» դեռևս ամիսներ առաջ ահազանգեր էր ստանում ընթերցողներից այն մասին, որ Արսեն Հովհաննիսյան անուն, ազգանունով մի քաղաքացի List.am կայքով մարդկանցից տեխնիկա, ավտոպահեստամասեր, մեքենաներ է գնում կամ վարձակալում, ցույց տալիս փոխանցման կեղծ կտրոններ և անհետանում։ Նա չէր վճարում ապրանքի համար, ապրանքը և գումարը մնում էին իրեն։
Ահազանգած ընթերցողներից ոչ ոք չէր ցանկանում իր անունով ներկայանալ, ոմանք նշում էին, որ Արսեն Հովհաննիսյանը կապ ունի քրեական հեղինակությունների հետ, ուստի վախենում են հետագա հնարավոր հաշվեհարդարից
Ստորև ներկայացնում ենք մի քանի պատմություն։


ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տվյալներով՝ Արսեն Գագիկի Հովհաննիսյանի կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ 25 հաղորդում է ներկայացվել։
2025թ.-ի հուլիսի 14-ին Արսեն Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հուլիսի 18-ին նա հայտնաբերվել է։ 25 հաղորդումներից 5-ի դեպքում քրեական վարույթ չի նախաձեռնվել, մեկ դեպքում վարույթ է նախաձեռնվել, ապա՝ կարճվել։ Մյուս վարույթները փոխանցվել են քննչական կոմիտե։
Արսեն Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական վարույթներ կան նաեւ Քննչական կոմիտեում։ Սակայն Կոմիտեն չի պարզաբանում, թե քանիսն են դրանք, ինչ հոդվածներով, ինչ ընթացքում են կամ ինչ արդյունք է եղել։
Ալլա Սալնազարյանի գործի վերաբերյալ Քննչական կոմիտեն հետեւյալ մեկնաբանությունն է տվել. «Նախաձեռնված բոլոր վարույթներն ուսումնասիրվել են և համակողմանիությունը ապահովելու համար միացվելու են մեկ վարույթում, նախաքննությունը հանձնարարվելու է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ Արսեն Գագիկի Հովհաննիսյանի վերաբերյալ քննված մի շարք քրեական վարույթներ ուղարկվել են դատարան»։
Քննչական կոմիտեն չի հայտնել` Արսեն Հովհաննիսյանն ազատության մե՞ջ է, թե ոչ, ինչո՞ւ է վարույթների նախաքննության փուլն այսքան երկար տեւում։
Դատախազությունը վստահ է՝ Արսեն Հովհաննիսյանը մեղսագրվող արարքը չի կատարել
Գլխավոր դատախազությունից հարցրել էինք՝ արդյոք վերադաս մարմնի վարույթում կամ վերահսկողության ներքո գտնվում են Ալլա Սալնազարյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթներ։ Եթե քրեական վարույթ չի հարուցվել, ի՞նչ իրավական հիմնավորմամբ է նման որոշում կայացվել։
Հետաքրքրվել էինք՝ արդյոք իրականացվել է հսկողություն նախաքննական մարմնի գործողությունների կամ անգործության նկատմամբ։
Անդրադարձել էինք, մասնավորապես, այն հանգամանքին, որ Ալլա Սալնազարյանի ներկայացրած ապացույցները չեն կցվել քրեական գործին։ Եվ գործով դատախազ Խալուհի Մովսիսյանը տուժողին հայտնել է, թե բավարար հանգամանքներ չկան։ Հարցրել էինք՝ ինչպե՞ս է ապահովվում նման գործերով մարդկանց իրավունքների պաշտպանությունը եւ արդյունավետ քննությունը։
Գլխավոր դատախազությունը որոշել է, որ Արսեն Հովհաննիսյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Ահա դատախազությունից ստացած պատասխանը.
«2025 թ. հունվարի 22-ին նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (առանձնապես խոշոր չափերով խարդախության հատկանիշներով)։ 2025 թ. հոկտեմբերի 10-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցել` Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)»:
Դատախազությունը նույնպես, ինչպես Քննչական կոմիտեն, չի պատասխանել մեր մյուս հարցերին։
Պատասխանում նշված է նաև, որ տուժող Ալլա Սալնազարյանը բողոքարկել է այս որոշումը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է։
Չնայած բազմաթիվ տուժածներին, սոցիալական ցանցերում հրապարակված ահազանգերին և ներկայացված ապացույցներին՝ Արսեն Հովհաննիսյանի արարքները դեռևս քրեաիրավական գնահատական չեն ստացել։ Ավելին՝ դատախազությունն արձանագրել է, որ Արսեն Հովհաննիսյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, երբ տուժածները պնդում են հակառակը։ Իրավապահ մարմինները չեն հայտնում, թե որտեղ և ինչ կարգավիճակում է Արսեն Հովհաննիսյանը։
