ՄԱԿ-ում հաստատել են Միշել Բաչալետի առաջադրումը գլխավոր քարտուղարի պաշտոնում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի նախագահները փետրվարի 1-ին ծանուցում են ստացել այն մասին, որ չիլիացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն առաջադրվել է որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին փետրվարի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահի գրասենյակի խոսնակ Լա Նեյս Քոլինզը։
«Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի նախագահներն այսօր առավոտյան ստացան Միշել Բաչելետի թեկնածության մասին ծանուցումը։ Թեկնածությունը ներկայացրել են Չիլին, Բրազիլիան և Մեքսիկան», – ասել է նա։
Ավելի վաղ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիկը հայտարարել էր, որ Մեքսիկան, Բրազիլիան և Չիլին համատեղ կառաջադրեն Բաչելետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Բաչելետը երկու անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը՝ 2006-2010 թթ. և 2014-2018 թթ.։ 2018 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. օգոստոսը նա զբաղեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։ Բաչելետը միակ լատինամերիկյան թեկնածուն չէ, որը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ 2025 թ. նոյեմբերին Արգենտինան առաջադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի թեկնածությունը։
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թ. դեկտեմբերի 31-ին։ Գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հաստատվում Գլխավոր ասամբլեայի կողմից։ Նրա պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի սահմանափակում չկա, սակայն նախկինում ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցրել ավելի քան 10 տարի։ Համաձայն հաստատված գործելակերպի՝ ՄԱԿ-ի ղեկավարը չի ընտրվում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, Չինաստանից և Ֆրանսիայից։
