Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների և այնտեղ շարժվող «հսկայական ուժի» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում Իրանի հետ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։
Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Մենք այժմ խոսում ենք այդ մասին (խմբ.՝ Իրանի միջուկային ծրագրի)։ Մեր նավերը հենց հիմա շարժվում են դեպի Իրան՝ ամենամեծ նավերը, լավագույնները։ Եվ մենք այժմ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ», – ասել է նա։
Թրամփը հավելել է, որ այժմ չգիտի, թե ինչ է պատրաստվում անել, սակայն Իրան շարժվող «հսկայական ուժն» ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում ավելի վաղ տեղակայված ուժերը։
«Ես կցանկանայի տեսնել, որ բանակցությունների արդյունքում համաձայնագիր լինի։ Վստահ չեմ, որ դա տեղի կունենա…. Մենք հիմա խոսում ենք նրանց հետ, խոսում ենք Իրանի հետ։ Եթե կարողանանք որոշակի համաձայնության գալ, հրաշալի կլինի։ Եթե չկարողանանք, ապա, հավանաբար, վատ բաներ տեղի կունենան», – հավելել է Թրամփը։
