Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն գործարք կկնքի Կուբայի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ իր կարծիքով Միացյալ Նահանգները «գործարք կկնքի» Կուբայի հետ, հայտնում է Reuters-ը։
Մի քանի օր առաջ նա սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրի նկատմամբ, որը նավթ է մատակարարում Կուբային։
Թրամփը կրկին կոչ է արել Կուբային բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։
«Պարտադիր չէ, որ սա դառնա հումանիտար ճգնաժամ, – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում՝ Ֆլորիդա մեկնելու ճանապարհին։ – Կարծում եմ, նրանք, հավանաբար, կգան մեզ մոտ և կցանկանան գործարք կնքել… Նրանք շատ ծանր իրավիճակում են։ Փող չունեն։ Նավթ չունեն։ Նրանք ապրել են վենեսուելական փողերով և նավթով, իսկ հիմա այդ ամենը չի լինելու»։
2025 թվականին Վենեսուելան Կուբայի ամենամեծ նավթամատակարարն էր՝ ապահովելով կղզու օրական պահանջարկի մոտ մեկ երրորդը։ Վենեսուելայից մատակարարումները կրճատվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մատակարարումների շրջափակում կիրառեց՝ դեռևս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից առաջ։ Հունվարին Reuters-ը հաղորդել էր, որ Մեքսիկան, որը դեկտեմբերին Վենեսուելայի մատակարարումների դադարեցումից հետո դարձել էր Կուբայի ամենամեծ նավթամատակարարը, դիտարկում է նավթի մատակարարումները շարունակելու հնարավորությունը՝ այն մտավախության ֆոնին, որ կարող է բախվել Վաշինգտոնի պատասխան քայլերին։
