Թրամփը Կանադային սպառնացել է «էական» հետևանքներով՝ Չինաստանի հետ առևտրային գործարք կնքելու դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում սպառնացել է Կանադային «էական» հետևանքներով, եթե վերջինս առևտրային գործարք կնքի Չինաստանի հետ։
«Եթե նրանք գործարք կնքեն Չինաստանի հետ, այո, մենք շատ էական բան կանենք։ Որովհետև կարելի է ասել, որ ես հրաշալի հարաբերություններ ունեմ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, բայց մենք չենք ուզում, որ Չինաստանը գրավի Կանադան», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի կարծիքով, եթե երկու կողմերը կնքեն այն գործարքը, որի վրա Կանադան հույս է դնում, «Չինաստանը կգերիշխի Կանադային»։
«Եվ առաջին բանը, որ նրանք կանեն, վերջ կդնեն հոկեյին», – հավելել է նա։
Հունվարին Կանադան և Չինաստանը հայտարարել էին տնտեսության ոլորտում «ռազմավարական գործընկերության» մասին։ Ինչպես նշել էր The Globe and Mail թերթը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չինաստան կատարած այցի ընթացքում այս երկիրը անվանել էր ավելի կանխատեսելի առևտրային գործընկեր, քան ԱՄՆ-ն։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, Քարնին թույլատրել էր Կանադա ներմուծել մոտ 50 հազար չինական էլեկտրամեքենա՝ ցածր մաքսատուրքի դրույքաչափով։ Մինչև այդ Կանադայում Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների վրա գործում էր 100% մաքսատուրք, որը Օտտավան սահմանել էր դեռևս 2024 թվականին՝ ԱՄՆ-ի հետ միասին, երբ երկրի նախագահը Ջո Բայդենն էր։ Ի պատասխան Կանադայի կողմից արված թուլացումների՝ Չինաստանը կրճատել էր ռապսի սերմերի մաքսատուրքերը։ ՉԺՀ առևտրի նախարարությունում հայտնել էին, որ Պեկինն ու Օտտավան հասել են փոխադարձ առևտրային պահանջների կարգավորման շուրջ կոնսենսուսի և պայմանավորվել են ընդլայնել տնտեսական համագործակցությունը։
