Բաժիններ՝

Իրանը եվրոպական երկրների բանակները ահաբեկչական կազմակերպություններ է ճանաչել

Իրանի խորհրդարանը եվրոպական երկրների բանակները ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ համաձայն ներքին օրենսդրության, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սև ցուցակում ներառելու Եվրոպական միության որոշման, հայտնում է Tasnim-ը։

Խորհրդարանի նիստում կիրակի օրը խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ համաձայն Իրանի օրենքի 7-րդ հոդվածի՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու դեպքում եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ։ Նա հավելել է, որ այս քայլը կունենա ամենալուրջ հետևանքները ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Ղալիբաֆն ընդգծել է, որ «սրբազան» ԻՀՊԿ-ն ահաբեկչության մեջ մեղադրելու ԵՄ-ի «անպատասխանատու գործողությունները» կատարվել են ԱՄՆ նախագահի և Իսրայելի հրահանգով, և «արագացրել են ապագայի համաշխարհային կարգում Եվրոպայի անպիտանի դառնալը»։

Նա հավելել է, որ «սիոնիզմին աջակցող հոսանքները նախևառաջ փորձում են ԶԼՄ-ներում ստեղծել մթնոլորտ՝ ահաբեկելու իրանական ժողովրդին և անկախ երկրներին»։ Միաժամանակ նա նշել է, որ իրանական ժողովուրդը ԻՀՊԿ-ն համարում է իր մի մասը։

«Եվրոպացիները, փորձելով հարված հասցնել ԻՀՊԿ-ին, որը Եվրոպայում ահաբեկչության տարածման ճանապարհին ամենամեծ խոչընդոտն էր, փաստացիորեն կրակեցին իրենց ոտքին և կրկին անգամ՝ ամերիկացիներին կույր հնազանդվելու պատճառով, ընդունեցին որոշումներ, որոնք հակասում են իրենց ժողովրդի շահերին», – նախազգուշացրել է Ղալիբաֆը։ Նա ասել է, որ Եվրոպան նման քայլերով փորձում է «գոհացնել իր տիրոջը՝ Միացյալ Նահանգներին», որպեսզի վերջինս դադարեցնի իրենց տարածքային ամբողջականությանը սպառնալը, սակայն հավելել է, որ «այդ տերը ցույց է տվել, որ չի գնահատում իր ծառաներին»։

Ըստ Ղալիբաֆի, ԻՀՊԿ-ն աշխարհում ամենաարտասովոր հակաահաբեկչական կառույցն է։ Նա նշել է, որ տարածաշրջանի բնակիչների օգնությամբ ԻՀՊԿ-ն տապալել է ԴԱԻՇ-ի (ԻԳԻԼ) իշխանությունը, վերացրել է ահաբեկչական խմբավորման գլոբալ վտանգը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում տվել է հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ իր ամենամեծ և փորձառու հրամանատարներից մեկի՝ գեներալ-լեյտենանտ Քասեմ Սուլեյմանիի կյանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս