Բաժիններ՝

Առանց Ուկրաինայի, ՌԴ եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպման անհնար է պայմանավորվել տարածքային հարցերի շուրջ. Զելենսկի

Առանց Ուկրաինայի, ՌԴ եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպման անհնար է պայմանավորվել տարածքային հարցերի շուրջ, Český rozhlas-ի հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կցանկանայինք, որպեսզի Եվրոպան ներկա լիներ բանակցություններին մի ինչ-որ փուլում, քանի որ մեր անվտանգության երաշխիքների մի մասը անդամակցությունն է Եվրամիությանը, ինչպես նաեւ ցանկացողների կոալիցիան։

Բայց նախ եւ առաջ կարեւոր է հանդիպել երեքով։ Առնվազն, մենք պետք է հնարավորություն ունենանք շփվել ռուսական պետության ղեկավարի հետ այս կամ այն ձեւաչափով։ Առանց այդ ձեւաչափի մեր թիմերը չեն կարողանա պայմանավորվել տարածքային հարցերի շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ վերջնագիծն ամենադժվարն է, «եւ ներկա պահին մենք չգիտենք՝ իսկապե՞ս մոտ ենք արդյունքի, թե՞ հակառակը»։

«Մենք հենվում ենք Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքների վրա, եւ այնտեղ արդեն փաստաթուղթը պատրաստ է։ Մենք նաեւ հենվում ենք Եվրոպայի անվտանգության երաշխիքների վրա։ Այնտեղ գրեթե ամեն ինչ համաձայնեցված է, բայց փաստաթուղթը դեռ հաստատված չէ խորհրդարանների կամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

Հենց այդ պատճառով, ինչպես արդեն ասել եմ, մենք չգիտենք՝ իսկապե՞ս սա վերջնագիծն է եւ մնացել է շատ քիչ, թե՞ մենք դեռ պետք է համագործակցենք շատ երկրների հետ, որպեսզի անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովենք»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ կարեւոր է նաեւ Ուկրաինայի վերականգնման միջոցների փաթեթը։

«Այն կարեւոր է նախ եւ առաջ մեզ համար, ԱՄն-ի համար եւ Եվրոպայի համար։ Եվ, անկասկած, Չեխիայի համար՝ որպես Եվրամիության երկրի։ Արդյունաբերության համար, բիզնեսի համար։

Պոտենցիալ ներդրողները պետք է լսեն, որ Ուկրաինային կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ, եւ պատերազմը չի վերսկսվի։ Որովհետեւ նրանք կցանկանան գալ, ներդրումներ անել, եւ ես կարծում եմ, սա սթափ մոտեցում է։ Ուստի, մենք դեռ աշխատանք ունենք այս ուղղությամբ։

Մենք ունենք նաեւ 20 կետից բաղկացած պլան պատերազմն ավարտելու վերաբերյալ։ Կան այդ շատ ցավալի հարցերը, որոնց մասին մենք խոսել ենք, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը։ Ցականում եմ ընդգծել, որ ես չեմ կարծում, թե այդ հարցերը կարող են լուծվել ուրիշ մեկի կողմից, դրանք պետք է լուծեն պետության ղեկավարները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս