«Հարեւանների հետ անվերջ հակամարտության խավարին» վերադարձի դեմ պայքարի առաջնագիծ է դուրս գալիս մարդ, որն ընդամենը 2020 թվականի աշնանը հայտարարում էր, որ Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը ավարտվելու է վերջինիս լիակատար ջախջախումով. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ի դեպ, «հարեւանների հետ անվերջ հակամարտության խավարին» վերադարձի դեմ պայքարի առաջնագիծ է դուրս գալիս մարդ, որն ընդամենը 2020 թվականի աշնանը հայտարարում էր, որ Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը ավարտվելու է վերջինիս լիակատար ջախջախումով, ինչպես նաեւ հորդորում էր «չշփոթել» Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարին:
Ինչու՞ եմ պարբերաբար հիշեցնում այդ ամենը: Այստեղ խնդիրը բացարձակապես լոկ բարոյական տիրույթում չէ, այլ նաեւ բուն քաղաքական:
Ի՞նչ եք կարծում, Արարատ Միրզոյանին, կամ Հայաստանի նախկինում խրոխտ պաշտոնյաներին այսօր լսողները, չե՞ն լսել նրանց այն ժամանակ, տեղյակ չե՞ն նրանց արտահայտած այդ դիրքորոշումներից, մտքերից եւ «կամքերից»:
Իհարկե տեղյակ են, հիանալի են տեղյակ: Եվ հենց այստեղ է բուն խնդիրը: Երբ դու տեսնում ես մարդու այսպիսի կտրուկ, ծայրահեղ կտրուկ շրջադարձ, ոչ թե կարծիքի փոփոխություն այս կամ այն հարցում, այլ պարզապես ազգային արժանապատվության կատեգորիայի շրջանակում այսպիսի կտրուկ շրջադարձ՝ քաջ գիտակցելով, որ դա հետեւանք է ոչ թե իմաստնության, այլ պարզապես պարտության,դու չես կարող լուրջ վերաբերել այդ մարդուն: Եվ կապ չունի՝ Հայաստանի քաղաքացի՞ ես, հա՞յ ես, թե՞ օտարերկրացի: Եվ առավել եւս սա էական է, երբ խոսքը վերաբերում է քաղաքականության մեջ այնպիսի «շնաձկային» լսարանին, ինչպիսին ԵԽԽՎ-ն»:
