Բաժիններ՝

Արաղչին արձագանքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից իր հրավերի չեղարկմանը

Համաշխարհային տնտեսական ֆորումը չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի ելույթը Դավոսում։ Այս մասին Արաղչին նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Համաշխարհային տնտեսական ֆորումը չեղարկել է իմ ելույթը Դավոսում Իսրայելի և ԱՄՆ-ում գտնվող նրա պրոքսիների ու ջատագովների կողմից ստի և քաղաքական ճնշման հիման վրա։ Իրանում վերջերս տեղի ունեցած բռնության մեջ կա մեկ հիմնարար ճշմարտություն. մենք ստիպված էինք պաշտպանել մեր ժողովրդին «Մոսադ»-ի կողմից բացահայտորեն աջակցվող զինված ահաբեկիչներից և «Իսլամական պետության» ոճով սպանություններից», – նշել է նա գրառման մեջ։

Արաղչին նաև ափսոսանք է հայտնել, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում 71 000 պաղեստինցու զոհվելուց հետո Համաշխարհային տնտեսական ֆորումին չեն ստիպել չեղարկել իսրայելցի պաշտոնյաներին ուղղված որևէ հրավեր։

«Եթե Համաշխարհային տնտեսական ֆորումը ցանկանում է ձևացնել, թե իբր «բարոյական» դիրքորոշում ունի, դա նրա իրավունքն է։ Բայց այն պետք է առնվազն հետևողական լինի այդ հարցում։ Ներկայիս բացահայտ կրկնակի ստանդարտը միայն բարոյական անկում և մտավոր սնանկություն է փոխանցում», – գրել է Արաղչին։

POLITICO-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի մասնակցի այս տարվա Դավոսում կայանալիք գագաթնաժողովին։

«Իրանի կառավարությանը ներկայացված լինելը ճիշտ չէ՝ հաշվի առնելով վերջին շաբաթներին քաղաքացիական անձանց կյանքի կորուստները», – նշվել է հայտարարության մեջ։

Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին սկսվել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ նվազման և բարձր գնաճի դեմ։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարության, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ իրավապահներ։ Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման պատասխանատու են համարում Իսրայելին և Միացյալ Նահանգներին։

Դավոսում հունվարի 19-ին մեկնարկել է 56-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 23-ը։ Դրան մասնակցում են աշխարհի տարբեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներ։ Այս տարի ֆորումը կրում է «Երկխոսության ոգի» խորագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս