Թրամփը ներում է շնորհել Պուերտո Ռիկոյի նախկին նահանգապետին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Պուերտո Ռիկոյի նախկին նահանգապետ Վանդա Վասկես Գարսեդին, ով անցյալ տարի իրեն մեղավոր էր ճանաչել պետական մարմիններում կոռուպցիայի վերաբերյալ դաշնային գործով, հայտնում է CBS News-ը։

Նույն գործով ևս երկու ամբաստանյալներ՝ վենեսուելա-իտալական ծագմամբ միլիարդատեր, բանկիր և Britannia Financial Group-ի հիմնադիր Խուլիո Մարտին Էրերա Վելուտինին և Մարկ Ռոսինին, նույնպես հինգշաբթի օրը ներում են ստացել կաշառակերության սխեմայի շրջանակներում իրենց կատարած հանցագործությունների համար՝ համաձայն Արդարադատության նախարարության տվյալների։

Համաձայն հրապարակային տվյալների՝ Էրերա Վելուտինիի դուստրը՝ Իզաբել Էրերան, 2024 թվականի դեկտեմբերին 2,5 միլիոն դոլար, իսկ անցյալ տարվա հուլիսին 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփին աջակցող MAGA Inc. քաղաքական գործողությունների կոմիտեին։ Սպիտակ տան ներկայացուցիչը CBS News-ին հայտնել է, որ նվիրատվությունները որևէ կապ չեն ունեցել ներում շնորհելու հետ։

«Պարոն Էրերա Վելուտինին խորապես երախտապարտ է նախագահ Դոնալդ Թրամփին իր վեհանձն ներման համար և հույս ունի շարունակել իր կյանքը ու ժամանակը նվիրել ընտանիքին ու կարիերային»,- CBS News-ին հայտնել է նրա փաստաբան Քրիս Կիզեն։ ԱՄՆ Արդարադատության նախարարության հանրային բարեխղճության բաժինը 2022 թվականին այս երեքին մեղադրանք էր առաջադրել դավադրության, դաշնային ծրագրերի շրջանակներում կաշառակերության և էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության մեջ՝ կապված 2020 թվականին Վասկեսի նախընտրական արշավի հետ։

Բոլոր երեք ամբաստանյալները օգոստոսին իրենց մեղավոր էին ճանաչել կոռուպցիայի ավելի թեթև մեղադրանքներով այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունը հանկարծակի չեղարկել էր նրանց հետ կնքված գործարքը՝ դատավարության մեկնարկից մի քանի օր առաջ։

Տեսանյութեր

Լրահոս