Հետնահանջ չի կարող լինել, որովհետև սա Փաշինյան-Կաթողիկոս ճակատամարտը չէ, սա մեր անցյալի և մեր ապագայի մասին է․ Նինա Կարապետյանց

Նոր տարում Մայր Աթոռի դեմ իշխանությունների արշավը նոր թափ ստացավ․ Սուրբծննդյան նախատոնին Փաշինյանը 10 եպիսկոպոսների հետ միասին վերաթարմացրեց «կողմերի նվիրվածությունը» «սուրբ գործին», իսկ Սուրբծննդյան օրն արդեն սեփական «ուղտերթով» ցույց տվեց՝ ինքն ամենևին նահանջողը չէ։

Հետո, իհարկե, եղավ Գևորգ Սրբազանին որպես առաջնորդ «անառիկ» պահելու ակցիան, ապա նաև՝ մտահոգիչ լուրեր տարածվեցին, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և  սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին և Վեհափառին հավատարիմ հերթական հոգևորականի հարցաքննության հրավերը։

«Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, 168am-ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու շուրջ իշխանությունների այս և այլ թիրախավորման դրսևորումներին, ցավով արձանագրեց․

«Ընտրություններին ընդառաջ՝ ճնշումներն ավելացվելու են բոլոր ուղղություններով․ նոր մարդիկ կկալանավորվեն, քրեական գործեր կհարուցեն, ինչ-որ ձայնագրություններ կհրապարակեն էլի կիսատ ու թերի՝ ինչպես Բագրատ սրբազանի ժամանակ, ու հետո, երբ որ ամբողջականը կլսենք, կպարզվի, որ ընդհանրապես իրենց պատմածի մասին չի, այլ իրադարձությունների հետ կապ ունի։

Կարդացեք նաև

Ի՞նչ պիտի անենք․ պիտի կանգուն մնանք, չհանձնվենք և այս հիբրիդային պատերազմը ներսից՝  մեր ավանդույթների, մեր հիմնասյուների դեմ, պիտի կարողանանք հաղթահարել: Եվ կապ չունի, թե ովքեր են կանգնած այդ հիբրիդային պատերազմի թիկունքում՝ միայն Նիկոլ Փաշինյա՞նն է, թե՞, ամենայն հավանականությամբ, ավելի զորեղ ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանին օգտագործում են որպես գործիք»։

Նինա Կարապետյանցն այս համատեքստում կարևորեց քաղաքական ուժերի կողմից եկեղեցուն առնչվող հարցերի՝ ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը, ապա նաև՝ հանրության ակտիվությունն այս հարցում։

«Երբ հանրային հարթակներում մարդիկ լռում են, տպավորություն է ստեղծվում, որ միակ ճշմարիտ խոսքը Նիկոլ Փաշինյանինն է»,- նկատեց նա։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ նման իրավիճակում կարելի էր առանձին դեպքերով դիմել նաև արդարադատության համակարգին, սակայն, ըստ նրա, «արդարադատության համակարգ չունենք»։

«Հետնահանջ ուղղակի չի կարող լինել, որովհետև սա Նիկոլ Փաշինյան-Կաթողիկոս ճակատամարտը չէ, սա ժողովրդի, հայության, Հայ Առաքելական եկեղեցու, մեր սրբությունների, ավանդույթների, մեր անցյալի և մեր ապագայի մասին է։

Իսկ այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես դրա հետ կապ չունի․ մարդիկ, որոնք սկսում են իրենց պայքարը զավակ ունենալուց, հետո գալիս հասնում են կանոններ խախտելուն, հիմա էլ ագենտ ու շպիոն են ման գալիս, դա արդեն անլուրջ է։ Իրենք ուղղակի առիթներ են ման գալիս, օգտագործում են տարբեր գործիքներ։ Պետք է կանգուն մնանք»,- հավելեց նա։

«Նժար» սահմանադրական շարժման հիմնադիրն անդրադառնալով կատարվողի շուրջ ժողովրդավարության «առաջամարտիկ» հավաքական Արևմուտքի լռությանը՝ դա պայմանավորեց շահերով։

«Հավանաբար շահերը չեն համընկնում, որովհետև ունեն այլ հետաքրքրություններ։ Բայց կարևոր չէ` ինչ են անում դրսից, շատ ավելի կարևոր է, որ մենք մեր հասարակությանը կարողանանք բացատրել, թե ինչու է մեզ անհրաժեշտ որևիցե բան, ինչը ժամանակին ֆինանսավորում էին, օրինակ, միջազգային կառույցները։

Ժամանակ կար, երբ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար մեծ ֆինանսավորում էր գալիս (չնայած հիմա էլ է գալիս,  ինչքան գիտեմ․  այդ արդարադատության համակարգը պետք էր, որովհետև փող էին տալի ու մեզ նե՞ղն էին գցել, թե՞ դա մեզ համար էր, մեր պետության կայունության համար, որպեսզի այսօր կարողանայինք կանխել Նիկոլ Փաշինյանի նմանի գործողությունները։ Այ դրա համար էր մեզ արդարադատության համակարգ պետք։

Այսինքն՝ կապ չունի, թե ինչ կասեն, ինչ կանեն միջազգային տարբեր կառույցներ, կխոսեն, թե չեն խոսի․ մենք մեզ համար պիտի որոշում կայացնենք, ու այս ընտրությունները նաև լավ առիթ են մեր հասարակությանը հերթական անգամ բացատրելու, թե ինչ կարևոր հարցեր կան, ինչ կարևոր հարցերի շուրջ է, որ մենք պիտի համաձայնության գանք իրար հետ, ժողովուրդը և քաղաքական ուժերը»,- մանրամասնեց Նինա Կարապետյանցը։

Տեսանյութեր

Լրահոս