ԴՈՒ Ո՞Վ ԵՍ, ՈՐ ՎԵՀԱՓԱՌ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵՍ. ՍՐԱՆՑ ՎՌՆԴԵԼԸ ՄԵՐ ԳՈՐԾՆ Է. ՈՉ ՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ. ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այն, ինչ սկսել են 2018 թվին, փորձում են ավարտին հասցնել նաև Եկեղեցու մասով։ Բայց դրանով չի ավարտվելու, դա նոր սկիզբ է։ Դրված է քրիստոնեության դիմագծի փոփոխության խնդիր, և այդ գիծն առաջ տանողները սիոնիստներն են։
- Ուկրաինայի հակաեկեղեցական արշավի բնորդը Հայաստանն էր։ Փորձեցին նույն կերպ անել, բայց ռուս ուղղափառ եկեղեցին կատաղի դիմադրում է։

- Անատամ և ռազմավարական խորք չունեցող Հայաստանի նախապատրաստական քայլերի տրամաբանության մեջ է Եկեղեցու դավանաբանական հիմքերի թուլացումը։ Վեհափառ Հայրապետին գահընկեց անելով՝ ամեն բան չի ավարտվելու։ Վատ շրջանը դրանից հետո է սկսվելու, երբ չենք իմանալու՝ ինչի մասին է այս պետությունը։
- Մեր ոսկե միջնադարից սկսած՝ Հայ եկեղեցին ուրվագծել է մեր քաղաքակրթական ուղղվածությունը՝ մարդու իրավունքներ և ժողովրդավարական այլ արժեքներ։
- Փաշինյանն ունի հանձնարարական և իր հանձնարարականը պիտի կատարի մինչև վերջ։ Բայց 100 Նիկոլ Փաշինյան էլ լինի, չի կարող ոչինչ անել մեկի դեմ, ում իշխանությունը տրված է Աստծուց։
- Հայ Առաքելական եկեղեցին միակն է, որի գլուխը ոչ թե Վեհափառն է, այլ Հիսուս Քրիստոսը։ Մտքով գաճաճները սա չեն հասկանում, չեն հասկանում, որ Վեհափառ Հայրապետն իր իշխանությունը չի ստանում Գերագույն հոգևոր խորհրդի կամ մեկ այլ կառույցի կողմից, այլ Հիսուս Քրիստոսից։ Իրենք չեն հասկանում՝ ում կամ ինչի դեմ են կռիվ տալիս։
- Հայ Կաթողիկե, բողոքական ու ավետարանական եկեղեցիները պետք է կեցվածք ունենան, որովհետև հաջորդ հերթն իրենցն է։ Բայց իրենք չեն հասկանում, որ ով գեթ մեկ անգամ սեղմել է այս իշխանության ձեռքը, հաջորդ զոհն ինքն է դառնալու։
- 2018թ․ խնդիր էր դրված՝ հասնել Հայ եկեղեցու կազմաքանդմանը 3 մակարդակով։ Պետությունը ներսից քանդելու համար շեշտը դրեցին ընտանիքն ու կրթությունը քանդելու վրա։ Այն, ինչ աշխարհում արեցին 60-70-ական թվականներին, Հայաստանում փորձարկեցին 2018թ․ ու Հայաստանը դարձրին օրինակ։ Սրա վերջը շատ վատ է լինելու։ Հայաստանը մեկ խնդիր պետք է լուծի՝ վտանգ չստեղծի այլ պետությունների համար։
- Եթե Եկեղեցին ժամանակին սանձեր այսօրվա տիրադավների վարքը, այսօր նրանք մատ թափ չէին տա Վեհափառ Հայրապետի վրա։
- Վեհափառը վտանգ է ներկայացնում այնքանով, որ ազգային եկեղեցու առաջնորդն է, ազգային իրավունքների ջահակիրն ու կրողն է։
- Երուսաղեմի հայ պատրիարքն իր նշանակման հաստատումը 3 կողմից է ստանում՝ Հորդանանի, Պաղեստինի և Իսրայելի կողմից։ ՀՀ գործող իշխանության ջանքերով Պաղեստինն ու Հորդանանը դուրս են գալիս, մնում է միայն Իսրայելը․ ինչ կուզի՝ կանի։ Եթե մենք եկեղեցու ինքնիշխանության բանալիները մեր ձեռքում չպահենք, ամեն ինչ ենք կորցնելու ու դառնանք մի իր, որի հետ ով ինչպես կուզի՝ կվարվի։
- Իշխանությունն իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին։ Բայց նա հիմա ոչ թե ոտքով ու գլխով թաթախվել է դրա մեջ, այլև փորձում է եկեղեցու կարգը փոխել։
- Դուք ո՞վ եք, որ Վեհափառ գահընկեց անեք։ Աշխարհի հայերի 8 միլիոնն էլ վստահաբար կարծում է, որ դու Հայաստան պետության «Հ» տառի հետ անգամ կապ չունես, և՞…
- Եվրոպայի եկեղեցիները դատարկ են․ ժամանակակից եվրոպացին այլ արժեքների է դավանում՝ դու ազատ ես, իրավունքներ ունես, ինչ կուզես՝ կանես։ Սա է։

- Հայաստանը բանանային, միայն ծառայություններ մատուցող երկիր դարձնելու նպատակ է դրված։ Աշխարհում հիմա բոլորն ուզում են հորիզոնական դիրք ընդունել․ ոչ ոք չի ուզում կռիվ տալ ինքնության համար։ Մեր կռիվն ընդդիմության հարց չէ, ընդվզող տեսակի կռիվ է։ Աշխարհում կռիվ է գնում այդ տեսակը վերականգնելու համար։
- Արցախից հետո շարունակում եմ պնդել՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խանգարել Կրեմլի կովկասյան ծրագրերին ու դրա համար էլ մնում է իշխանության։ Իսկ երբևէ Նիկոլ Փաշինյանը գեոպոլիտիկ և տնտեսական շահերի առումով հակադրվե՞լ է Մոսկվայի քաղաքականությանն այս տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանից ավելի ռուսամետ իշխանություն վերջին 35 տարում չի եղել։
- TRIPP-ը երբեք չէր կարող իրականություն դառնալ, եթե չլիներ Իրանի և Ռուսաստանի քաղաքականությունը։
- Արևմուտքը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը կապիկություն է, բայց Արևմուտքին Հայաստանը հետաքրքի՞ր է Արցախից հետո։ Իհարկե ո՛չ։ Հայաստանն Արևմուտքին հետաքրիր է սոսկ Արցախով, Սյունիքով ու իր հակառուսական քաղաքականությամբ։
- 100 տարի առաջ էլ Մեծ Բրիտանիան չխանգարեց բոլշևիկների քաղաքականությանը, բայց փոխարենը ստացավ իրավունք՝ աջակցել Անդրկովկասյան սեյմի նորանկախ պետություններին։ Իրենք իրար հետ պայմանավորվում են, մանրադրամը, զոհը մենք ենք դառնում։ Հիմա էլ է այդպես։

- Օրը ցերեկով մտնել, գերեվարել պետության ղեկավարին, օրենքո՞վ է։ Նոր աշխարհակարգում բացառապես ուժային բալանսի խնդիրն է գործում, գոյություն չունի միջազգային իրավունք։
- Սոլովյովը պրոպագանդիստ է ու հանդես է գալիս իր պետության շահերից։ Դիմում եմ ռուսներին՝ դուք Սոլովյովի ասածների տրամաբանության մեջ կորցնելու եք հայ ժողովրդի համակրանքն ընդհանրապես։
- Այն պատերազմը, որը վերջին 8 տարում այս իշխանությունը վարում է սեփական ժողովրդի դեմ՝ հոգևոր-արժեքային համակարգի դեմ պայքարից մինչև պատմության վերաձևում, արդյո՞ք հիբրիդային պատերազմ չէ։
- Երկուսը պայմանավորվել են իրար հետ… Ալյասկայում։ Սա գործարք է․Վենեսուելան՝ Ուկրաինայի դիմաց։ ԱՄՆ-ը ողջ Ամերիկյան կիսագունդն է ուզում, իսկ Վենեսուելան լուրջ հազվագյուտ մետաղներ, հանածոներ ու այլ ռեսուրսներ ունի։ Ըստ ԱՄՆ ղեկավարության, Իրանի նավթային ռեսուրսները պետք է լինեն ԱՄՆ վերահսկողության տակ, իսկ Իրանը տարեկան 2 միլիարդի նավթ է արտահանում Չինաստան։ Խնդիր է դրվում արդյունաբերական ու տնտեսական վերելք ապրող Չինաստանին սանձելու։
- Ինչո՞ւ են Իրանում բողոքի ակցիաներն ու բախումները հիմնականում գիշերը լինում։ Այդպես ավելի հեշտ է կազմակերպել և մթության մեջ թաքցնել ցուցարարների դեմքերը, տարբեր դրվագները…

- Իրանում չկա մեկ մոտեցում ունեցող հոգևոր, ռազմական ու քաղաքական էլիտա։ Այստեղ կան պրոարևմտյան ուղղության կողմնակիցներ ու ջատագովներ։ Որքան էլ Իրանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, անհնար չէ այն ներսից պայթեցնելը։ Իրանում շատ լուրջ աշխատել են։ Իրանն իր արտաքին քաղաքական դիրքերը ջարդեց, երբ հետ քաշվեց Սիրիայից ու այլ տեղերից։
- Եթե Իրանում կոշտ գիծը գործեց ու անխուսափելի դարձավ պատերազմը, Սյունիքի 42 կմ-ը կծառայի՞ արդյոք Իրանի դեմ պատերազմական գործողություններին։ Այս հարցի պատասխանը ստանալու համար էր Իրանի փոխարտգործնախարարը եկել այստեղ։ Կարծում եմ՝ Հայաստանը չի ընկնի այն թակարդը, որ Հայաստանը դարձնի հակաիրանական գործողությունների պլացդարմ։ Դա շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար։
- Ռաիսիի առեղծվածային սպանությունը հենց այնպես չէր։ Ռաիսին լուրջ գործիչ էր ու ամերիկյան նկրտումների դեմ լրջորեն էր դիմադրում։ Փեզեշքիանն Ամերիկայի հետ սիրախաղրի մեջ էր։
- Սիրիայի՝ քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներում է գտնվում Սիրիայի համախառն ներքին արդյունքի զգալի մասը՝ 72%-ը։ Սիրիայի նավթագազային ռեսուրսի 65%-ն այստեղ է։ Գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասն այստեղ է։ Այս տարածքն ունի 850 000 աշակերտ ու ուսանող։ Այստեղից միայն 100 000 զինվոր է դուրս գալիս։ Քրդական գործոնին շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Դավթի միջանցքի իրականացման խնդիր կա։ Թուրքիան հենց սրա համար է անհանգիստ։ Թուրքիան լրջորեն անհանգստացած է և ԱՄՆ–ի հետ առճակատումը գնում է հենց այս տարածաշրջանին տիրելու համար։ Թուրքիային անհրաժեշտ է կազուս բելի՝ պատերազմի առիթ, որովհետև քրդերը Թուրքիայի խայծը կուլ չտվեցին։
- Ինձ համար մերժելի է ցանկացած մտածողություն, որը կապավինի այս կամ այն արտաքին ուժի կամ պետության աջակցությանը Հայաստանում որևէ բան փոխելու հարցում: Սա ինձ համար կարմիր գիծ է: Ես չեմ աղերսում կամ ակնկալում որևէ մեկից, որ ինձ օգնության հասնի՝ ներսում իմ սեփական խնդիրները լուծելու հարցում: Այս իշխանության իշխանազրկումը կամ սրանց վռնդելը մեր գործն է, մեր խնդիրը, Հայաստանի ներքին խոհանոցի խնդիրը: Մեզ ո՛չ Սոլովյովի, ո՛չ Էրդողանի, ո՛չ Ալիևի, ո՛չ որևէ մեկի միջամտությունը պետք չէ։
- Մեր հայրենակիցները պետք է իմանան՝ աշխարհը հաշվի է նստում հաղթողի հետ: Կկարողանա՞ ընդդիմությունը լինել իրադրության տերը, նրա հետ հաշվի կնստեն: Նիկոլին պահում են, որովհետև չկա այն ուժը, որի հետ պետք է խոսել: Երբ դուք կդառնաք այն ուժը, որի գործողություններից կախված է Նիկոլի լինել-չլինելը երկրում, ձեզ հետ կխոսեն:

- Պարտադիր չէ ընդդիմության միացում. տարբեր պատճառներով ես դեմ եմ միասնական ընդդիմության կոնցեպտին, բայց ես կողմ եմ մեկ օրակարգի շուրջ միմյանց հետ աշխատող ընդդիմությանը: Պետք է միավորվել միմյանց չցեխոտելու, օրակարգային գլխավոր խնդրից չշեղվելու, ընտրություններն ազատ, արդար անցկացնելու և յուրաքանչյուր ընդդիմադիր քվեի համար կռիվ տալու հարցի շուրջ, ու այդ ժամանակ դա կաշխատի նաև չկողմնորոշվածների վրա:
Ասել եմ ու ասում եմ՝ ինձ երբեք չեն տեսնի որևէ համախմբման մեջ, որտեղ կոռուպցիոներներ են եղել, որքան էլ անունը ազգային փաթեթավորում կամ Արցախ դնեն: Երբ հանրությունը դա տեսնի ու տեսնի, որ գնում է սահուն և հանգիստ իշխանազրկում, ինքը կգնա այդ ուժի հետևից: Կգնա, երբ տեսնի, որ դու դրսից տղա չես բերում որևէ մեկի վրա:
- Իշխանությունը մեզ հաղթում է մորալ դաշտում՝ մեր մեջ մտցնելով, որ թույլ ենք, պետք է զիջենք… Դա սուտ է և սխալ է, մենք ունենք լուրջ ռեսուրսներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Քարոզչությունը պետք է հակառակ կողմից աշխատի, որ ո՛չ, հայությունն ունի բավականաչափ ռեսուրս, կամք, ուժ՝ սեփական ուժերով վռնդելու այս իշխանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։



