Հալեպի հայկական թաղամասերը՝ թեժ մարտերի հարևանությամբ․ հալեպահայության բնականոն առօրյան և անվտանգությունը կրկին խաթարվել է
Հունվարի 6-ին Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում իրավիճակը սրվեց։ Հայաբնակ թաղամասերի բնականոն կյանքն ու անվտանգությունը հերթական անգամ խաթարվեց։ Ըստ տեղեկությունների՝ գնդակոծվում էին քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները։ Բախումները տեղի են ունենում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև:
Բախումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Սիրիայի կառավարությունը և ՍԴՈՒ-ն փորձում են կյանքի կոչել քրդական ուժերի ինտեգրման համաձայնությունը, որը պետք է ավարտվեր 2025-ի վերջին, սակայն առաջընթաց չկա։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ձգձգումների մեջ։ Ինտեգրման ձախողումը, մի շարք գնահատականների համաձայն, կարող է հանգեցնել նոր բռնությունների և նույնիսկ Թուրքիայի միջամտության, որը սպառնում է գործողություններ սկսել քրդական ուժերի դեմ։
Հունվարի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան ակտիվ համակարգման մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Հալեպում քրդական զինված կազմավորումների դեմ սիրիական բանակի ռազմական գործողության ֆոնին: «Մեր ուզածն այն է, որ տարածաշրջանային կայունություն լինի։ Բայց Իսրայելը քաոսի ռազմավարություն է կիրառում։ Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի երկխոսությանն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ»,- նշել էր Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Հալեպում ստեղծված իրավիճակի մասին Անկարան նախազգուշացրել է դեռևս անցյալ տարվա ընթացքում։ Ֆիդանը Սիրիայի դեմոկրատական ուժերին մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ։
«Նրանք մտադիր են Իսրայելի համակարգմամբ մասնատել և կառավարել տարածաշրջանը։ Մեզ համար դա անընդունելի է»,- ընդգծել էր Ֆիդանը՝ հավելելով, թե Թուրքիան տարածաշրջանային բոլոր դերակատարների հետ համաձայնեցնում է իր գործողությունները։ Փորձագետները Հալեպի իրավիճակի սրացումը դիտարկում են Թուրքիայի և Իսրայելի միջև սկսված դիմակայության համատեքստում: Գաղտնիք չէ, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի նոր իշխանություններին՝ նրանց մղելով քրդերի դեմ ավելի վճռական գործողությունների:
168․am-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը ներկայացրեց իրավիճակը հայաբնակ թաղամասերում։ Նա ասաց, որ մինչ այսօր առավոտյան ժամերը բախումները շարունակվում էին։ Ըստ նրա, Սիրիական ժողովրդավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող երեք շրջաններից երկուսը երեկ արդեն անցան Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո, սակայն մեկ շրջան՝ Շեյխ Մաքսուդը, որը գտնվում է բարձունքի վրա, շարունակեց դիմադրել։
«Այդ պատճառով սիրիական բանակը վերջնաժամկետ սահմանեց, որպեսզի քաղաքացիները դուրս գան տարածքից, որից հետո շրջանը հայտարարվեց ռազմական փակ գոտի։ Ամբողջ գիշեր, մինչև ուշ առավոտ շարունակվել են հրետանու և ավիացիայի հարվածները, կրակոցները չեն դադարել։ Այժմ շրջանը ամբողջությամբ գտնվում է բանակի և անվտանգության ուժերի վերահսկողության ներքո։
Այս երեք շրջանները գտնվում են քաղաքի ներսում և հարակից են հայկական թաղամասերին, ինչի հետևանքով հալեպահայերի բնակարանները վնասվել են՝ արձանագրվել են որոշակի ավերածություններ, ապակիների փշրում, դռների և պատուհանների վնասներ և այլն»,- նշեց Գաբրիելյանը, շարունակելով, թե ամենակարևորն այն է, որ մարդկային կորուստներ չեն արձանագրվել․ ոչ զոհ, ոչ վիրավոր։
Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը պատմեց, որ անցնող հինգ օրերի ընթացքում մարդկանց առօրյան լիովին փոխվել է․ կրթական և պետական հաստատությունները փակվել են, ինչպես նաև մասնավոր աշխատավայրերը։ Նրա խոսքով, հայերի պարագայում օրերը տոնական էին, և խնդիրները սկսվեցին հենց Սուրբ Ծննդյան օրը, ինչի հետևանքով բոլոր միջոցառումները, ներառյալ՝ եկեղեցական արարողությունները, հետաձգվեցին։
«Սակայն վաճառատները (սննդի, կենցաղային և այլ) բաց էին, և ամեն ինչ առատ էր։ Հալեպահայերին օգտակար լինելու նպատակով համայնքի պատասխանատուները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահը բաց պահեցին, որպեսզի այն որպես ապաստարան ծառայի անապահով շրջաններում գտնվող հայորդիների համար։ Միաժամանակ Սուրիահայ Օգնության Խաչի դարմանատունը շարունակեց իր առողջապահական ծառայությունները։ Բացի այդ, «Գանձասար» պաշտոնաթերթի միջոցով հաղորդվեցին հեռախոսահամարներ՝ ցանկացած կարիքի դեպքում դիմելու համար»,- ասաց նա՝ ներկայացնելով այն ջանքերը, որոնք ներդրվել են ստեղծված իրավիճակում խնդիրները հնարավորինս մեղմելու և համայնքի հետ կապը պահպանելու համար։
Տիկին Գաբրիելյանի խոսքով, տրամադրությունները, բնականաբար, անկում ապրեցին… «Հալեպի ողջ ժողովուրդը շատ ծանր տարավ ճգնաժամը, հատկապես հիշելով պատերազմի դաժան օրերը… Սակայն այսօրվա լուրերը փոքր-ինչ մեղմեցին տխրությունը։ Անցնող տասնհինգ տարիները ցույց տվեցին, որ հալեպահայը երկու հիմնական հատկանիշ ունի՝ դիմանալու գերազանց կարողություն և հուսադրություն։ Այս պայմաններում նա հրաժարվում է հուսալքվել և հանձնվել տխրությանը։ Հուսամ, այս վերջին տագնապը կլինի վերջինը, և գալիք օրերը կրկին կջերմացնեն խանդավառությամբ ու կենսունակությամբ լի հալեպահայի հոգին»,- ասաց նա։
Մարիա Գաբրիելյանն ասաց, որ նյութական աջակցության կարիք կա վերանորոգելու և վերականգնելու վնասված գույքը։
