Եմենի հարցում Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների հակասությունների խորացումն էական հետք կթողնի ընդհանուր ռեգիոնալ պատկերի վրա. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մերձավոր Արևելքում շարունակվում է բռնկված լարվածությունը Եմենի շուրջ, որը կարծես թե վերածվում է երկու արաբական էական երկրների Սաուդյան Արաբիայի և Արաբական Էմիրությունների միջև լարվածության ընդհուպ հրապարակային դրսևորումների:
Մասնավորապես, Սաուդյան Արաբիան մեղադրել է Էմիրություններին, որ նրանք օգնել են փախչել այսպես կոչված Հարավային անցումային խորհրդի ղեկավար Այդարուս Այ Զուբայդիին: Եմենի այսպես ասած կենտրոնական կառավարությունը նրան հռչակել է դավաճան, այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբից Հարավային անցումային խորհրդի ուժերը գրոհել են կենտրոնական կառավարության զբաղեցրած մի շարք տարածքներ և զբաղեցրել դրանք:
Պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ փոքր ինչ համառոտ տեղեկանք:
Եմենի կենտրոնական կառավարությունը վայելում է սաուդական աջակցություն, իսկ Հարավային անցումայֆւին խորհրդին աջակցում է Էմիրությունները: 2021 թվականին երկու այս կառույցների միջև հաստատվեց համաձայնություն, քանի որ համաձայնության եկան Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն, որպեսզի երկու այդ ուժերի դիմակայությունից չօգտվեն Եմենի հյուսիսային և կենտրոնական շրջանների մի զգալի մասը՝ ընդհանուր առմամբ Եմենի մոտ 30-40 տոկոսը, այդ թվում մայրաքաղաք Սանան վերահսկող հութիները: Սակայն, դեկտեմբերի սկզբին փաստորեն տեղի ունեցավ լարում և Հարավային անցումային խորհուրդը իր ուժերը նետեց կենտրոնական կառավարության դեմ:
Կա գնահատական, որ այդ ամենի հետևում Իսրայելն է, այդ թվում Էմիրությունների հետ իր հարաբերության շնորհիվ: Մասնավորապես, տեսակետ կա, որ Իսրայելը օգտվելով Էմիրությունների հետ սերտ հարաբերության հանգամանքից, փորձում է նրանց՝ Էմիրությունների աջակցությունը վայելող Հարավային անցումային խորհրդի ազդեցությունը մեծացնել և այդպպիսով ստեղծել ազդեցիկ պլացդարմ հութիների դեմ գործողությունների համար: Բանն այն է, որ կենտրոնական կառավարությունը ևս հութիների դեմ է, բայց մյուս կողմից շահագրգռված չէ իսրայելական պլացդարմ դառնալու հարցում, հաշվի առնելով նաևՍաուդյան Արաբիայի հանգամանքը:
Իսկ Իսրայելը փորձում է հութիներին ավելի մոտ դիրքավորվել հենց այն պատճառով, որ հեռավորությունը թույլ չի տալիս իրականացնել արդյունավետ հակագործողություններ, հատկապես, երբ հութիները հարվածի տակ են առնում Բաբ էլ Մանդեբի նեղուցը եւ այդպիսով փաստորեն արգելափակում Իսրայելի համար այդ կարեւոր ծովային երթուղին, պատճառելով էական վնասներ:Նաեւ հենց այդ մղումով է, որ Իսրայելը շաբաթներ առաջ ճանաչեց Սոմալիլենդի անկախությունը, այնտեղ ռազմական ներկայություն քննարկելու մտադրությամբ:
Միեւնույն ժամանակ, Էմիրություններն իհարկե այդ տեսանկյունից լոկ Իսրայելի դրդմամբ չէ, որ աջակցել են Հարավային անցումային խորհրդի գործողություններին: Բնականաբար, լինելով այդ խորհրդի հովանին, Եմենում դրա դիրքերի ամրապնդումը Աբու Դաբին դիտարկում է Կարմիր ծովի եւ Ադենի ծոցի այդ կարեւոր առեւտրային հանգուցային ճանապարհին իր ազդեցությունն ու կշիռն ավելացնելու միջոց:
Եմենի հարցում Սաուդյան Արաբիայի եւ Էմիրությունների հակասությունների խորացումը անկասկած էական հետք կթողնի ընդհանուր ռեգիոնալ պատկերի վրա: Հարցն այն է, թե արդյո՞ք հակասությունները կշարունակեն խորանալ, թե՞ կգտնվի ընդհանուր հայտարար:🇸🇦🇦🇪🇮🇱
