Հալեպում բախումների հետևանքով տեղահանվածների թիվը հասել է մոտ 60 000-ի
Հալեպի նահանգապետարանի սոցիալական հարցերի և աշխատանքի վարչությունը հայտնել է, որ հունվարի 6-ից ի վեր շարունակվող բախումների պատճառով Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերից տեղահանված ընտանիքների թիվը հասել է 11 806-ի, որը ներառում է 59 030 անձի։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Տեղեկությունների համաձայն՝ բնակիչները շարունակում են լքել Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերը։
Աֆրին քաղաքում գրանցվել է տեղահանվածների ամենամեծ թիվը՝ մոտավորապես 9700 ընտանիք։ Հազարից ավելի ընտանիքներ տեղակայվել են Հալեպի տարբեր թաղամասերում։
Ավելի վաղ Հալեպի նահանգապետարանի հայտարարության մեջ նաև նշվել էր, որ նահանգապետարանն աշխատել է «բանակի հետ համակարգված երկու մարդասիրական միջանցքների վերաբացման կազմակերպման ուղղությամբ՝ դեպի Հալեպի անվտանգ տարածքներ քաղաքացիական անձանց անվտանգ անցումն ապահովելու համար»։
Սիրիական բանակը կոչ էր արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) բոլոր դիրքերից՝ նշելով, որ պատրաստվում է թիրախային գործողություններ սկսել ՍԴՈւ-ի՝ Աշրաֆիե, Շեյխ Մակսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող դիրքերի ուղղությամբ։
