Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Կոլումբիայի նախագահին ընդունելու մտադրության մասին

Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ և մտադիր է շուտով նրա հետ հանդիպել Սպիտակ տանը։

«Մեծ պատիվ էր զրուցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, որը զանգահարել էր՝ բացատրելու թմրանյութերին և մեր ունեցած մյուս տարաձայնություններին առնչվող իրավիճակը։ Ես բարձր գնահատեցի նրա զանգը և անհամբեր սպասում եմ մոտ ապագայում նրա հետ հանդիպմանը», -գրել է նա Truth Social-ում։

Թրամփը հայտնել է, որ առաջիկա հանդիպման նախապատրաստությունն իրականացնում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում», – պարզաբանել է ԱՄՆ-ի ղեկավարը։

Հունվարի 3-ին Թրամփը Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության իրականացման կապակցությամբ հայտարարել է, որ Պետրոյի վերաբերյալ իր նախազգուշացումները մնում են ուժի մեջ։ ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ Կոլումբիայի նախագահին մեղադրել է թմրանյութերի արտադրությունը խրախուսելու մեջ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է ուժային գործողություններ ձեռնարկել Կոլումբիայի դեմ, եթե նրա իշխանությունները չակտիվացնեն պայքարը թմրամաքսանենգության դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս