Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի հակահրթիռային պաշտպանության տեսանկյունից․ Վենս
Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հակահրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր ազգային անվտանգության, այլև ամբողջ աշխարհի ազգային անվտանգության համար։ Հակահրթիռային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքները մասամբ կախված են Գրենլանդիայից», – ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Դանիան չի կարողացել բավարար չափով երաշխավորել կղզու անվտանգությունը։ «Հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք Եվրոպան, արդյոք Դանիան պատշաճ աշխատանք կատարել են Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի այն շարունակի ծառայել որպես համաշխարհային անվտանգության և հակահրթիռային պաշտպանության հենասյուն։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Նրանք բավարար ներդրումներ չեն կատարել նրա անվտանգության մեջ, նրանք բավարար լավ աշխատանք չեն կատարել», – ասել է Վենսը։
Հարցին, թե ամերիկյան վարչակազմը որքան հեռու է պատրաստ գնալ կղզու վերաբերյալ իր նպատակներին հասնելու համար՝ փոխնախագահն ասել է․ «Այս հարցում վերջնական որոշում կայացնողը նախագահն է։ Մենք ամեն ինչ կանենք Ամերիկայի շահերը պաշտպանելու համար։ Կարծում եմ՝ նախագահը կգնա այնքան հեռու, որքան անհրաժեշտ է»։
Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել այս կղզին, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարելի է գրավել՝ սպառնալով առևտրային բարձր մաքսատուրք սահմանել Դանիայի նկատմամբ, եթե վերջինս փորձի խոչընդոտել դրան։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը շարունակում է մերժել ԱՄՆ առաջարկները՝ պնդելով, որ կղզին իր երկրի անբաժան մասն է։
Գրենլանդիան ինքնավար տարածքի կարգավիճակ ունի Դանիայի կազմում։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակում իրենց դաշինքային պարտավորությունների, ստորագրել էին Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ պայմանագիր, որի համաձայն Միացյալ Նահանգները պարտավորվել էր պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։
