Գերմանիան, Ռումինիան և Խորվաթիան զորքեր չեն տեղակայի Ուկրաինայում
Ռումինիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա: Դա հաստատել է նախագահ Նիկուշոր Դանը Փարիզում Ռումինիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր «Կամեցողների կոալիցիայի» անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքներին:
«Ռումինիան պարտավորվել է…. տրամադրել ոչ թե զորքեր Ուկրաինայում, այլ լոգիստիկ աջակցություն, ուկրաինացի զինվորականների պատրաստում Ռումինիայում կամ այլ եվրոպական երկրներում՝ համապատասխան երկրների բանակների հետ համագործակցությամբ, մասնակցություն սպառազինության համատեղ ծրագրերին», – ասել է Ռումինիայի նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ Կամպիա Տուրզիի 71-րդ ավիաբազայում Ուկրաինային աջակցության լոգիստիկ կենտրոնն «արդեն գործում է»։
Միևնույն ժամանակ, Զագրեբը նույնպես մտադիր չէ խորվաթական զորախումբ ուղարկել Ուկրաինայի տարածք նույնիսկ հրադադարի համաձայնագրի ձեռքբերումից հետո: Այդ մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն՝ ամփոփելով Փարիզում «Կամեցողների կոալիցիայի» նիստի արդյունքները:
Իր հերթին, ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, իր երկիրը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինայի աջակցության բազմազգ ուժերին մասնակցելու համար, սակայն դրանք տեղակայել Ուկրաինայի տարածքում հակամարտության ավարտից հետո չի պլանավորում։
«Գերմանիան պատրաստ է օգնել քաղաքական, ֆինանսական, ռազմական մակարդակներում։ Դա կարող է ներառել, օրինակ, Ուկրաինային հարևան ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում զորքերի տեղակայում հրադադարից հետո», – մեջբերել է նրա խոսքը ֆրանսիական Figaro թերթը։
Ավելի վաղ «Կամեցողների կոալիցիայի» նիստից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել են հռչակագիր հակամարտության ավարտից հետո Ուկրաինայում զորախումբ տեղակայելու մտադրության մասին:
