TRIPP-ը կուժեղացնի Էրդողանի նեոօսմանյան գերիշխանությունը Կովկասում. Հայաստանի արևմտականացման գինը. Մեթյու Դալ Սանտո

Ամերիկյան միջնորդությամբ ստորագրված TRIPP-ի գործարքն էապես կթուլացնի Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել իրեն: Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական ու ռազմավարական ինտեգրումը Հայաստանը կդարձնի կղզի թուրքական անվիճելի ազդեցության ոլորտում: Շուշիի հռչակագրով իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները ցեմենտած Թուրքիան ու Արբեջանն այժմ, կարծես թե, պատրաստ են իրականացնել «երկար երազած» պանթուրքական միության առաջին փուլը: Այս մասին գրել է Սուրբ Պատրիկի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Մեթյու Դալ Սանտոն ամերիկյան «Կոմպակտ» առցանց ամսագրում հրապարակված «Հայաստանի արևմտականացման գինը» վերտառությամբ հոդվածում:

«Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Սա այն հարցն է, որը հայերն իրենք իրենց էին տալիս ամբողջ անցյալ տարվա ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կալանավորեց Հայ Առաքելական Եկեղեցու չորս արքեպիսկոպոսի և մեղադրեց կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ փորձելով գահընկեց անել նրան։ Առավել հատկանշականորեն օգոստոսի 8-ին Հայաստանը նախաստորագրեց «խաղաղության համաձայնագիրը» ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ անցկացված արարողության ժամանակ», – գրում է Դալ Սանտոն։

Հեղինակը հիշեցնում է, որ վաշինգտոնյան համաձայնագրի համաձայն՝ Հայաստանն իր դաշնակից Իրանի հետ սահմանը ձևավորող Արաքս գետի ձախ ափից տարածքի մի հատված (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը») 99 տարով վարձակալության է տալու Միացյալ Նահանգներին՝ ավտոճանապարհներից, երկաթուղուց և հնարավոր է, նաև նավթատար ու գազատար խողովակաշարերից բաղկացած տրանսպորտային միջանցք նպատակով։ Այնուհետև Միացյալ Նահանգներն այդ ենթակառուցվածքները կտրամադրի արևելքում գտնվող Ադրբեջանական Հանրապետության և արևմուտքում գտնվող նրա Նախիջևան էքսկլավի միջև երթևեկության համար։

Ինչպես նշում է Մեթյու Դալ Սանտոն՝ արևմտյան մամուլում համաձայնագիրը լայնորեն գովաբանվել է, մինչդեռ Հայաստանում մարդիկ այդքան էլ լավատես չեն այդ կապակցությամբ։

Կարդացեք նաև

Հենց այս համատեքստում հեղինակը փորձում է գտնել տրամաբանական կապը մինչև 2023 թվականը գերազանցապես հայերով բնակեցված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կորստի, Փաշինյանի հակաեկեղեցական հարձակումների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման» նրա ձգտումների, TRIPP-ի համաձայնագրի և Հայաստանի արևմտականացման քաղաքականության միջև։

«Նախկին լրագրող և լիբերալ Փաշինյանը, որը Հայաստանում իշխանության է եկել 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքում, աշխարհին ներկայանում է որպես պետական ​​գործիչ և խաղաղարար, սակայն երբ խոսքը հասնում է իր տեղական քննադատներին, նա չի հանդուրժում որևէ ընդդիմություն։ Նրա զայրույթի կենտրոնում Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիան է, մասնավորապես՝ նրա ղեկավար Գարեգին Երկրորդ կաթողիկոսը», – գրում է Դալ Սանտոն։

Նա հիշեցնում է, որ երբ Փաշինյանը հերթական անգամ փորձեց «խաղաղեցնել» Բաքվին՝ 2024 թվականին Ադրբեջանին հանձնելով ևս չորս հայկական գյուղ, դրան ի պատասխան բռնկված բողոքի ցույցերի առաջնագծում Եկեղեցին էր։ Իսկ 2025թ. հունիսի 9-ին՝ Շվեյցարիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ անցկացված հայտնի միջազգային համաժողովից օրեր անց, Փաշինյանը սկսեց հրապարակայնորեն մեղադրանքներ հնչեցնել Կաթողիկոսի հասցեին՝ մեղադրելով նրան ապօրինի զավակ ունենալու մեջ։ Հետո ձերբակալվեցին ի պաշտպանություն Կաթողիկոսի հանդես եկած բարերար Սամվել Կարապետյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և այլ հոգևորականներ, իսկ այդ ընթացքում՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, որտեղ նա հանդիպում ունեցավ և սեղմեց հազարավոր հայերի աչքին մահացու թշնամի համարվող Թուրքիայի նախագահի ձեռքը։

Աստվածաբանության պրոֆեսորը նշում է, որ հակաեկեղեցական թշնամությունը վերածելով Եկեղեցու դեմ լայնածավալ պատերազմի՝ Փաշինյանը հունիսի 26-ին հայտարարեց, թե կստեղծի եկեղեցականների հանձնաժողով՝ նոր կաթողիկոս ընտրելու նպատակով։

Հեղինակի խոսքով՝ հայերից շատերը, որոնց հետ ինքը զրուցել է, կապ էին տեսնում Արևմուտքում որպես խաղաղարար փառավորվելու Փաշինյանի ցանկության և Եկեղեցու վրա նրա հարձակման միջև։

Դալ Սանտոյի կարծիքով՝ Փաշինյանը փորձում է իրարից անջատել հայկական ինքնության հոգևոր ու քաղաքական բաղադրիչները՝ դեպի «արդիականությունն» ու Արևմուտքի «հարգի» («պրեստիժ») մշակույթը կողմնորոշվելու նպատակով։ Նրա խոսքով առայժմ շատ վաղ է ասել, թե արդյոք քաղաքական Հայաստանը և հոգևոր Հայաստանը միմյանցից բաժանելու փորձը կհաջողի, թե ոչ, բայց հետաքրքիր է նաև, թե հայկական ավանդական եկեղեցի-ազգ գաղափարի կողմնակիցները որքան երկար կկարողանան դիմակայել հոգևոր Հայաստանի նկատմամբ կառավարության ճնշմանը։

Պրոֆեսորը նշում է, որ Հայաստանի հետքրիստոնեական և հետազգային ապագայի նշանները կայուն կերպով բազմապատկվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո, և Արևմուտքը վերափոխող երրորդ աշխարհի միգրացիան այժմ արդեն հասել է նաև Հայաստան, որտեղ արդեն տեսնում ենք հնդիկ և այլ ազգերի հազարավոր աշխատանքային միգրանտների, որոնք լցվել են Երևանի փողոցներում։

Այս ամենը վերադարձնում է մեզ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև Թրամփի միջնորդությամբ կնքված գործարքին։ Այս իմաստով Փաշինյանին հաջողվել է այն, ինչ չի հաջողվել Հայաստանի որևէ առաջնորդ իրենից առաջ։ ԱՄՆ-ի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունը Կովկասում ամերիկյան ամենաառարկայական հանձնառությունն է՝ 1919-ին Հայաստանի մանդատը ստանձնելու և Կոնգրեսի հավանությունը ստանալու Վուդրո Վիլսոնի ձախողված փորձից հետո։ Սակայն գործարքն էապես թուլացնում է Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել Հայաստանը։

Սրան ի հավելում, TRIPP-ը միայն կուժեղացնի նեոօսմանյան գերիշխանությունը, որը Էրդողանի Թուրքիան կառուցում է Կովկասում։ ԱՄՆի կողմից հովանավորվող տրանսպորտային միջանցի շնորհիվ Թուրքիան կկարողանա ապրանքներ, զորք ու ռազմական տեխնիկա տեղափոխել ցամաքային ճանապարհով արևելյան Անատոլիայից Կասպից ծով։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական, ռազմավարական և քաղաքական ինտեգրացիան Հայաստանը կդարձնի կղզի թուրքական անվիճելի ազդեցության ոլորտում։

Թուրքիան և Ադրբեջանը ցեմենտեցին իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները 2021 թվականի Շուշիի հռչակագրով և այժմ, կարծես, պատրաստ են իրականացնել այն, ինչ թվում է երկար երազած պանթուրքական միության առաջին փուլը: Այդ դեպքում, ինչո՞ւ թույլ տալ, որ անհարմար դիրքում տեղակայված 3 միլիոն հայերը խոչընդոտեն նման վեհ նպատակին», – գրել է Մեթյու Դալ Սանտոն։

Նա նաև ընդգծել է՝ ամերիկյան միջնորդությամբ Սպիտակ տանը ստորագրված գործարքի ամենամեծ հաղթողը Թուրքիան է, իսկ ամենամեծ պարտվողը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյատևման հեռանկարը։

Մեթյու Ջ. Դալ Սանտոն Սուրբ Պատրիկի ճեմարանի և համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր է և «Կրոնապետություն. կրոնապետական ​​սկզբունքը Ռուսաստանում 1917 թվականին և այսօր» գրքի հեղինակը:

 

Տեսանյութեր

Լրահոս