Ռուսաստանը խանգարելու է Փաշինյանին. Մոսկվան ուզում է խոսել հաղթանակած ընդդիմության հետ. քաղաքագետ
Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշման և TRIPP-ի միջանցքի միջոցով իրականացվող Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը թույլ չտալու համար։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ քննադատելով ռուսական քաղաքական վերնախավում տարածված այն հայտնի մտայնությունը, որ «Հայաստանը փախչելու տեղ չունի»։
«Ռուսաստանում մի այսպիսի մտածելակերպ կա, ռուսերեն ասում են՝ «куда вы денетесь», այսինքն՝ «ո՞ւր պիտի փախչեք» կամ՝ «ուր էլ գնաք՝ վերջում մեր մոտ եք վերադառնալու»։ Պարզ է, որ դա սխալ է և դա որևէ դեպքում իրեն չի արդարացրել, չնայած որ հիմա Ռուսաստանում սիրում են Վրաստանի օրինակը բերել՝ չհասկանալով, որ փորձ կա Հայաստանը՝ որպես պետություն, ապամոնտաժելու, և այստեղ արդեն Հայաստանի որոշման մասին չէ խոսքը, և Ռուսաստանը պետք է ձեռնարկի ինչ-որ գործողություններ, որպեսզի թույլ չտա Հայաստանի ապամոնտաժումը, ինչն այսօր իրականացվում է այս միջանցքի և Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշման միջոցով։ Հայաստանի՝ որպես պետության, ապամոնտաժում է տեղի ունենում։ Եթե Ռուսաստանը դրան չխոչընդոտեց, ապա տարածաշրջան հետ գալու տեղ չի ունենա»,- մեկնաբանեց Հրանտ Միքայելյանը։

Տարածաշրջանում Ռուսաստանի չեզոք կամ պասիվ քաղաքականությունը քաղաքագետը բացատրում է այն հանգամանքով, որ Ռուսաստանում մտավախություն կա, որ եթե Ռուսաստանն աջակցի Հայաստանում ռուսամետ ուժերի իշխանության գալուն, դա կարող է հանգեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բախման.
«Ռուսաստանում նաև ընկալում կա, որ եթե Ռուսաստանը մտնի այս պայքարի մեջ, օրինակ՝ եթե ինչ-որ կերպ ազդեց, և ընտրությունների արդյունքում Հայաստանում եկավ ռուսամետ իշխանություն, այդ պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը կարող են հարձակվել, և այդ դեպքում Ռուսաստանը պետք է իր ամբողջ ուժով աջակցի Հայաստանին, և որպեսզի նման վտանգների առաջ չկանգնի, Ռուսաստանը շատ չեզոք քաղաքականություն է վարում այս տարածաշրջանում»։
«Այլ հարց է, որ առհասարակ շատ սխալ որոշում է թույլ տալ, որ Թուրքիան գերիշխի այս տարածաշրջանում, բայց դա Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է»,- հավելում է քաղաքագետը։
Խոսելով այն մասին, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանն աջակցում Հայաստանում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, Հրանտ Միքայելյանն ընդգծում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ներքին քաղաքականություն բավական լայն է։
«Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն շահագրգռված են, այլ նաև իրենց քայլերով աջակցում են Փաշինյանի ընտրմանը, և իրենց աջակցությունը մոտավորապես 5-10 տոկոս ընտրական էֆեկտ կարող է ունենալ, իսկ գլխավորը պատերազմի վտանգի չեզոքացման փաստարկի շահարկումն է քարոզարշավի ընթացքում և գերիների հնարավոր ազատումը»,- նշեց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ լուրջ վտանգներ կան, որ 2026-ին կայանալիք ԱԺ ընտրություններն ամբողջությամբ ավտորիտար միջավայրում են անցնելու։ Իսկ եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում՝ փորձելու է ամբողջությամբ քանդել Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ։
Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ ԵՄ-Ռուսաստան նշմարվող աշխարհաքաղաքական պայքարին, քաղաքագետն ասում է, որ այս իշխանության քաղաքականությունն ամբողջությամբ Հայաստանն աշխարհաքաղաքական կռվախնձոր դարձնելու մասին է։
Անդրադառնալով Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի իշխանությունները շատ շահագրգռված չեն Հայաստանում իրավիճակի վրա ազդելու հեռանկարով.
«Ռուսաստանի կարծիքը միանշանակ այն է, որ լավ կլինի, եթե հաղթի ընդդիմությունը, բայց Ռուսաստանը դրա համար ոչինչ չի ուզում անել և ուզում է խոսել հաղթանակած ընդդիմության հետ, եթե այդպիսի բան լինի։ Դա ընդհանրապես Ռուսաստանի մոտեցումն է շատ դեպքերում, որովհետև Մոսկվան նաև փորձել է ինչ-որ չափով մասնակցել ընտրություններին տարբեր երկրներում և միշտ հապաղել է, քանի որ ժամանակակից պայքարի մեթոդներին չի տիրապետում, շատ անարդյունավետ է գործում և շատ հաճախ հակառակ էֆեկտի է բերում։

Դրա համար Ռուսաստանը, մի կողմից, շատ պասիվ դիրք է զբաղեցնելու, մյուս կողմից՝ միանշանակ Ռուսաստանը չի աջակցում Փաշինյանին, կարելի է ասել՝ դեմ է Փաշինյանին, բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանն այժմ ամբողջությամբ զբաղված է Ուկրաինայով և փորձում է գոնե այստեղ չեզոքացնել դրսի ազդեցությունը՝ ինչպես ԵՄ-ն է փորձում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնել։
Եթե Ռուսաստանն էլ չեզոքացներ ԵՄ-ի և Թուրքիայի ազդեցությունը, ապա մենք ավելի հավասարակշռված պատկեր կունենայինք, արտաքին խաղացողներն իրենց կչեզոքացնեին, մենք էլ ավելի արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն կունենայինք։ Դա տեղի չի ունենում։ Այսպիսով, Ռուսաստանն ավելի շուտ դիտորդի կարգավիճակում է լինելու, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, Ռուսաստանն ինչ-որ չափով խանգարելու է Փաշինյանին»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
