Թրամփը հաստատել է թմրավաճառների դեմ ցամաքում պայքարելու մտադրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի զինվորականներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորելիս նշել է ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հաջողված գործողությունները՝ հաստատելով դրանց դեմ պայքարելու իր մտադրությունը նաև ցամաքում։ Համապատասխան տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը։
«Հավանաբար, լսել եք, որ ծովով թմրանյութերի մաքսանենգությունը նվազել է 96%-ով։ Հիմա մենք ցամաքում ենք դա անելու։ Ցամաքով ավելի հեշտ է», – նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Առափնյա պահպանության ծառայությանը թմրանյութերի ապօրինի մուտքը երկիր կանխելու համար, ինչպես նաև «Ջերալդ Ֆորդ» ավիակրի անձնակազմին, որը ներկայում տեղակայված է Կարիբյան ծովում։
«Այժմ Կարիբյան ծովը հետաքրքիր վայր է», – նշել է նա։
ԱՄՆ-ն մի քանի ամիս է՝ ճնշման արշավ է իրականացնում Վենեսուելայի դեմ, այդ թվում՝ Կարիբյան ավազանում հազարավոր զինվորների և ավիակիրների հարվածային խմբի տեղակայմամբ, թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի և անձանց վրա հարձակումներով և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով։
Ավելի վաղ ԱՄՆ-ն կալանել է Վենեսուելա ուղևորվող նավթատար լցանավեր, որոնք պատժամիջոցների տակ են գտնվում։
