Ի՞ՆՉ ԷԻ ԱՆՈՒՄ. ԿԱՐԵ՛Ն ԴՈՒՐԳԱՐՅԱՆ, ԵՂԲՈՐԴ ԷԻ ԻՋԵՑՆՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՌԱՋԻՆ ՋՈՒՂԱՅԵՑՈՒ ՇԻՐԻՄԻՑ. ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ
Դեկտեմբերի 18-ին Վեհափառ Հայրապետն առաջին անգամ Վեհարանից դեպի Մայր տաճար քայլեց ոչ թե ժողովրդի խոնարհ շարքերի, այլ ԱԱԾ ծառայողների, ոստիկանների, քաղաքացիական համազգեստով ոստիկանների թողած միջանցքով։
Իսկ Հայ Առաքելական եկեղեցու գահակալ առաջնորդի կողքին ու նրա համար եկեղեցու բակում այդ օրը հոգևոր դասն էր, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հասկանալով, թե ինչի կարող է հանգեցնել մի քանի եպիսկոպոսների՝ անհասկանալի հայտարարությունը, եկել էին պաշտպանելու եկեղեցին ու հենց դրանով՝ նաև իրենց։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանեսն այդ օրը ևս եկեղեցու բակում էր․ փորձում էր կասեցնել արագորեն եկեղեցու բակում հավաքված ու նույն եկեղեցու գահակալի հեռացումը պահանջողների «գրոհը»։
Ամիսներ շարունակ հոգևորականն արդեն իսկ թիրախավորվել էր եկեղեցու կողքին լինելու ու այդ մասին չթաքցնելու համար, սակայն տոկուն էր մնացել, բայց դեկտեմբերի 18-ին Տեր Վրթանեսի «սիրտը չդիմացավ»․ սրտամկանի ինֆարկտ ախտորոշմամբ նրան տեղափոխեցին Էջմիածնի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ կատարեցին ստենտավորում։
168․am-ն այցելել է հոգևորականին, զրուցել նրա հետ դեկտեմբերի 18-ի իրարանցման, եկեղեցու շուրջ կատարվողի, հոգևորականներին անվանարկելու իշխանական ու իշխանամերձ շրջանակների քարոզչության մասին։
Տեր Վրթանեսի տպավորությամբ՝ հայտարարություն տարածած ու Մայր Աթոռ եկած եպիսկոպոսները և այն խուլիգանախումբը, որը հայտնվել էր զանգակատան տակ, ուղղորդվում էին Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Այդ խմբին ուղեկցողները շատ ագրեսիվ էին բոլորի նկատմամբ․ իսկ զանգակատան տակ հայտնված խմբից զգացվում էր ալկոհոլի հոտը։ Երեք խմբեր էին իրենց ագրեսիվ պահվածքով. նկատելի էր Թալինի քաղաքապետը, Գյումրիի Տնտեսագիտականի ռեկտոր Կարեն Պետրոսյանը՝ իր ենթականերով, և Ալեքսանդր Կաթողիկոսի տապանաքարին բարձրացած անձը, որին նախկինում չեմ ճանաչել»,- հիշեց Տեր Վրթանեսը։
Մեր դիտարկմանը, որը այդ անձը Վրեժ Դուրգարյանն է՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբայրն ու համատեղությամբ օգնականը, որն, ըստ Կարեն Դուրգարյանի, բարձրացել էր այնտեղ օդափոխվելու, Տեր Վրթանեսն արձագանքեց նկատառմամբ, որ Վրեժ Դուրգարյանը ձեռքով հրահանգավորել է մարդկանց։ Այո, և դա ակնհայտ երևում է տեսանյութում:
«Նա անսթափ վիճակում էր, ձեռքով ասում էր՝ հրեք, բացեք, մտեք ներս, ես ուղղակի ինքս էլ բարձրացա, որ իջեցնեմ․ Կարեն Դուրգարյանն ասում է՝ բա Տեր հայրն ի՞նչ էր անում, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից և չէի ուզում թույլ տալ, որ նա հրահրի ամբոխին՝ կոտրել Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս կանանց մենաստանի մայրապետի կողմից Խրիմյան Հայրիկին նվիրած մշակութային մեծարժեք դուռը»,- մանրամասնեց նա։
Քանի որ այս օրերին տեղեկություններ են տարածվում, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկա Կիրակի կգա Մայր Աթոռ, Տեր Վրթանեսից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում, ո՞րը պետք է լինի հոգևորականության և Մայր Աթոռի դիրքորոշումը։
«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, ուժով մտնել եկեղեցի․ Փաշինյանն ինչի համար ընտրություններին քվե է ստացել, թող այդ պարտականությունները կատարի, խոստումները, որ տվել է՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից սկսած․․․և խաբել է։
Եթե ինքը կփորձի ներխուժել Մայր Աթոռ, կհայտնվի օրենքից դուրս վիճակում, և ցանկացած միջադեպ, որ տեղի ունենա, իր պատասխանատվությամբ կլինի,- ասաց նա, ապա անդրադառնալով Վեհափառին կալանավորելու մասին լուրերին՝ հավելեց,- Վեհափառի կալանավորումն իր վիճակն ավելի կվատացնի․ թող ինքը սխալ հաշվարկով չանի, իր շուրջ եղող քծնողների, կոմպրոմատավորների խոսքերին չհավատա, որոնք իրեն նաև հրահրում են Վեհափառի դեմ։ Վեհափառը չունի Ստյոպա Սաֆարյանի, Տարոն Չախոյանի, Վահագն Ալեքսանյանի․․․ և իրենց ենթակայությամբ գործող այլոց աջակցությունը, բայց Վեհափառն ունի ուխտապահ եկեղեցական դասի ու ժողովրդի մեծ մասի աջակցությունը։ Թող վարչապետը մնա իր վարչապետական պարտականության շրջանակներում և փորձի կատարել այն խոստումները, որոնք տվել է ու դեռ չի արել»։
Մանրամասները՝ տեսանյութում
