ՈՒԶՈՒՄ ԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵ՞Տ՝ ԳՆԱՑԵ՛Ք, ՊԱՏԵՐԱԶՄԵ՛Ք, ՄԵԶՆԻՑ Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ, ԱՐԱ՛. ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ըստ երևույթին, առանձին բանակցություններ են վարում TRIPP-ի շուրջ կամ հնարավոր է՝ նույնիսկ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություն այդ հարցի շուրջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման և TRIPP-ի շուրջ բանակցությունների մասին։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն էլ, չկարողանալով կառավարել այս գործընթացը, փորձում են օգտագործել իրենց համար թողնված «նեղ տարածքը»՝ տարածաշրջանային հիմնական խաղացողների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի հետ պոզիտիվ երկխոսություն ձևավորելու համար։

«Ստացվում է հետևյալ պատկերը, որ բոլորն ունեն իրենց հետաքրքրությունները և տեսլականը TRIPP-ի մասին՝ բացի Հայաստանի իշխանություններից, որոնք միայն մի բան են ասում՝ «տրանզիտ բացվի՝ չաղ ու բախտավոր լինենք»։ Ըստ էության, մեզ ասում են, որ առաջնայինը ոչ թե անկախությունն ու ինքնիշխանությունն է, նույնիսկ՝ տարածքային ամբողջականությունը։ Ինչ հեքիաթ էլ այս իշխանությունը պատմի՝ դա չէ առաջնայինը։ Առաջնայինը, համաձայն իրենց տեսլականի՝ խաղաղությունն է, որն իրականում խաղաղություն չէ և չի կարող լինել այս կոնֆիգուրացիայում։ Տեխնիկապես էլ չի կարող լինել, և իշխանությունները գիտեն, որ ամերիկացիներն ու ռուսներն, ըստ երևույթին, առանձին բանակցություններ են վարում TRIPP-ի շուրջ կամ արդեն պայմանավորվածություն ունեն։ Համենայն դեպս, ամերիկացիների և ռուսների վերաբերմունքը TRIPP-ին դա է հուշում, և ամերիկացիները չեն հերքում երրորդ կողմի հնարավոր մասնակցությունը»,- մեկնաբանեց Արման Աբովյանը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում վերլուծաբանը շեշտում է՝ եթե խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը, բացարձակապես էական չէ՝ ովքեր են վերահսկելու այդ ճանապարհը՝ ամերիկացիները, ռուսները, թուրքերը, թե ադրբեջանցիները։ Էականն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության խախտումն անընդունելի է բոլոր դեպքերում. «TRIPP-ի կամ «Զանգեզուրի միջանցքի» պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանն ընդհանրապես չի վերահսկում կամ չի վերահսկելու այն։ Երբ մեզ Հոռոմ տատի հեքիաթներն են պատմում՝ սկաներներ կդնենք, էս կդնենք, էն կդնենք, հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ սկաներները դրած չեն, օրինակ, Վաշինգտոնի օդանավակայանում բոլոր գնացող-եկողների համար, ինչո՞ւ դրված չեն այս իշխանությունների կողմից այդքան սիրված Թուրքիայում։ Դրանք դրված են միայն տվյալ պետության քաղաքացիների համար»։

Խոսելով Ադրբեջանի հետ առևտրային կապերի ակտիվացման փորձերի և այն քարոզչության մասին, որ ճանապարհների ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կամրապնդեն խաղաղ իրավիճակը՝ Արման Աբովյանն ընդգծում է՝ տնտեսական հարաբերությունները, ճանապարհներն ու լոգիստիկ հաղորդակցությունը, փոխհարաբերությունները պետությունների միջև երբեք խոչընդոտ չի եղել որևէ պետության համար՝ ծավալապաշտական գործողություններ իրականացնելու հարևան պետության դեմ։

«Երբ մարդկանց խաբում են՝ ասելով, որ մենք առևտուր կանենք, և կգա խաղաղություն, ո՛չ, ոչ թե առևտուրն է բերում խաղաղության, այլ խաղաղությունն իր դասական առումով ձևավորում է մի մթնոլորտ, որի ընթացքում դու կարող ես անել առևտուր։ Բայց մեզ հակառակ պրոցեսն են ներկայացնում։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և տարածաշրջանում, խաղաղություն չէ, դա աստիճանաբար Հայաստանի Հանրապետության հաշվին ձևավորվող տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիա է, որտեղ մենք չկանք՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն։ Խնդիրն այն է, որ մեզ ջարդում են ոչ միայն բարոյահոգեբանական առումով, այսինքն՝ մեզ ասում են. «Քո խաղաղության գինը քո մոռացությունն է, քո անասնացումն է, ինքնությունիցդ հրաժարվելն է, այլ դարձիր անասուն, կերը կգա, բենզինը կգա»։ Երջանկության մոդելն էլ հետևյալն է. «Կեր, խմի, քեֆ արա, մինչև տենանք՝ ինչ է լինում»։ Մոտավորապես այսպես», – մեկնաբանում է զրուցակիցը։

Շատ կարևոր է հասկանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց այդ ռազմավարական նպատակի ճանապարհին առանցքային նշանակություն են տալիս Հայաստանում Փաշինյանի վերարտադրությանը։ Արման Աբովյանն այս իրավիճակը պատկերավոր համեմատում է «Փրկել շարքային Ռայանին» ամերիկյան հանրահայտ ֆիլմի հետ՝ շարքային Ռայանի դերում տեսնելով «շարքային» Նիկոլ Փաշինյանին.

«Այդ նույն ֆիլմի սցենարն է։ Եթե ուզում եք հասկանալ թուրքերի այսօրվա քայլերն ու նպատակները, հիմա իրենք փրկում են «շարքային» թավշյա իշխանությանը։ Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր գործողություններն ունեն երկու նպատակ։ Առաջինը՝ ջարդել մեզ։ Ասում են. «Դե, հիմա, հայերը համաձայնել են էժան բենզինի կամ էժան կերի դիմաց դավաճանել իրենց էրեխեքի արյունը»։ Դա են մեզ ասում, ըստ էության։ Եվ երկրորդը՝ նախընտրական ուղղակի օգնության գործընթացն է Նիկոլ Փաշինյանին։ Իրենք բաց են դա ասում, որ պետք է անպայման վերարտադրվի այս իշխանությունը»։

Աբովյանը հարց է տալիս՝ «խաղաղության» ո՞ր մոդելն է այս իշխանությունը կիրառում, այն մոդելը, որն Ադրբեջանը կիրառեց Արցախո՞ւմ.

«Սահմանին չեն կրակո՞ւմ։ Տունդ են մտել։ Սահմանին կրակում են, որ տունդ մտնեն։ Եթե դուռդ բացել ես, ասում ես՝ արի, առանց կրակոց կգա։ Խաղաղության մոդելավորումը ո՞րն է։ Եթե իրենք այդ խաղաղությունը տեսնում են այն մոդելով, որ Արցախը կմոռանանք, պատմությունը կմոռանանք, ցեղասպանությունը կմոռանանք, թուրքի ոտքերը կընկնենք և այլն, մոռանում են մի բան, որ այդ մոդելը չի ենթադրում հայերի առկայությունը տարածաշրջանում»։

Այս համատեքստում վերլուծաբանն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի այն կարգախոսին, որ «հայրենիքը պետությունն է»։ Աբովյանի կարծիքով՝ պետությունը և հայրենիքը տարբեր հասկացություններ են։ Պետությունը էթնոքաղաքական միավոր է, հայրենիքը՝ բարոյահոգեբանական.

«Սրանք խժռում են բարոյահոգեբանական բոլոր պատնեշները, որոնք մարդուն մարդ են սարքում, ոչ թե անասուն։ Անասնացման գործընթացը ենթադրում է իր մեջ այն ամենը, ինչ անում է այս իշխանությունը։ Մեզ ի՞նչ են ասում։ Ասում են. «Եղի՛ր անասուն՝ կստանաս էժան բենզին», «Եղի՛ր անասուն՝ կստանաս էժան հաց»։ Իսկ անասունն, ինչպես գիտենք, այն արարածն է, որն ամեն ինչ մոռանում է։ Մեզ ասում են՝ մոռացի՛ր ամեն ինչ»։

Իսկ «հիբրիդային պատերազմ» Հայաստանի դեմ իրականում վարում են Թուրքիան և Ադրբեջանը, հիմա էլ միացել է Եվրամիությունը. «Եվրոպան շա՜տ հետաքրքիր գործունեություն է ծավալում այստեղ։ Արա, դե ասա՝ գնացեք, ձեր դարդերով տապակվեք, էլի։ Մի հատ Կայա Կալաս ունեն՝ տարօրինակ տատի է։ Ասում է.

«Կոչ եմ անում Հայաստանին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»։ Այսինքն՝ «կոչ եմ անում Հայաստանին գնալ քաղաքական և տնտեսական ինքնասպանության»՝ միայն նրա համար, որ պարզվում է՝ Եվրոպան պատրաստվում է պատերազմել ռուսների հետ։ Ուզում եք պատերազմեք՝ գնացե՛ք, պատերազմե՛ք, մեզնից ի՞նչ եք ուզում, արա՛։ Թե՞ Ուկրաինայի, Մոլդովայի օրը գցեն, մեզ էլ թնդանոթային միս սարքեն, պատերազմեն Ռուսաստանի հետ «մինչև վերջին հայը», հա՞։ Թե՞ կարող է՝ մտքներով անցնում է՝ համատեղ հայ-ադրբեջանական ռազմական կորպուս ձևավորել, որը կգնա ու կկռվի ռուսների դեմ»։

«Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Կայա Կալասը։ Ասում է՝ Եվրոպան միջամտելու է Հայաստանի նախընտրական գործընթացների մեջ, որ թույլ չտա՝ ուրիշը միջամտի։ Դա նման է նրան, որ մեկը գա՝ բահով ուժեղ խփի գլխիս, հարցնեմ՝ ի՞նչ ես անում, ասի՝ խփում եմ, որ ուրիշը չխփի։ Խնդիրն այստեղ ուրիշ է՝ ի՞նչ է անելու Եվրոպան։ 15 մլն եվրո փող է տալիս։ Ի՞նչ է լինելու այդ փողի հետ, ո՞ւր է գնալու այդ փողը՝ նորից նույն մարդկանց, որոնց մենք շատ լավ ճանաչում ենք և որոնք մատի մի թեթև շարժումով դառնում են թրքասե՞ր։ Հիբրիդային պատերազմ, ըստ էության, նշանակում է՝ միջամտություն այս կամ այն առումով։ Ինչո՞վ է Ռուսաստանը պատերազմ վարում։ Բա որ Ռուսաստանը պատերազմ է վարում, ինչո՞ւ է ՀՀ ղեկավարությունը մեծ գոհունակությամբ Պետերբուրգում շնորհակալություններ հայտնում շուրջբոլորին»,- նաև հավելեց Արման Աբովյանը։

Քաղաքական վերլուծաբանն ընդգծում է՝ Հայաստանի միակ և գլխավոր շահը Հայաստանը լուծարելու թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներին արդյունավետ դիմադրելն է, իսկ թուրք-ադրբեջանական օրակարգը խափանելու և Հայաստանի՝ ներկա իրավիճակից դուրս գալու միակ մոդելը հանրային համերաշխությունն է և ազգային դիմադրության նպատակով ոլորտային տարբեր տեսլականների առաջարկն ու կիրառումը.

«Ժողովուրդ ջան, մենք չունենք ռեսուրս՝ ո՛չ ամերիկացու հետ հագնենք, ո՛չ ռուսի հետ հագնենք, ո՛չ իրանցու, ո՛չ էլ եվրոպացու։ Մենք չունենք այդ ռեսուրսը։ Բայց մենք ունենք ռեսուրս նրանց բոլորի հետ բարեկամություն անելու՝ մեր շահերից ելնելով, իսկ մեր շահը՝ էֆեկտիվ դիմադրել մեր երկիրը լուծարելու թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներին։ Վե՛րջ։ Սա է այն դոկտրինը, որը մեզ թույլ է տալիս և՛ խաղաղության հասնել, և՛ լավ տնտեսություն ունենալ, և՛ զարգացում ունենալ»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս