Ի՞ՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՕՐԸ ՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ Ա ԿՈՐԵԼՈՒ, ԹՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ 5 ՐՈՊԵԻ ԲՐԴՈՒՃ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ. ՎԻՈԼԵՏԱ ԱԶԱՐՅԱՆ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նժդեհ գյուղի բնակիչ Վիոլետա Ազարյանն է: Միայնակ, իր հոգսերով, երկրի ապագայի իր վախերով ապրում է գյուղում:

Վիոլետա Ազարյանը` իր ընտանիքի մասին

Ունեմ 9 երեխա, 4 երեխաներս մեր դպրոցն են հաճախում՝ 9-րդ, 6-րդ, 4-րդ և 2-րդ։ 7 աշակերտ են, որից 4-ը իմս են։ Գյուղում երեխաները չունեն ապագա, առհասարակ ոչ մի երեխա չունի ապագա։ Աղջիկս սովորում է Երևանի ժողինստիտուտում: Մյուս աղջիկս ամուսնացած է, շուտով թոռնիկ կունենամ, տղաս նշանված է, պատրաստվում ենք ամուսնացնենք, մի աղջիկս էլ Գյուղինստիտուտի հաշվապահական բաժնում է սովորում, առաջին կուրսում է։ Իմ 6 էրեխեն էս գյուղում են ծնվել, էս գյուղում են մեծացել, ուսում ստացել, ամուսնացել են էս գյուղում, նշանվել են էս գյուղում… Էլ ո՞նց է ասեմ, բանակել են գնացել, եկել էս գյուղից… իսկ 3 փոքրերս ծնվել են Արցախում` Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում։

Ամուսինս մահացել է` արդեն 8 ամիս է, չարորակ ուռուցք ուներ… Իմ 9 երեխաների հետ ապրում եմ էստեղ, իմ էրեխեքը շատ խելոք, կազմակերպված… Էն տղաս ամեն ինչ անում է, փետ ա բերում, օգնում է, ջուր ա բերում, ամեն ինչ… Ես մի շաբաթ հիվանդ պառկած էի, մեջքս բռնված էր, սաղ ինքն էր անում… Դե, դժվարություններ բոլոր ընտանիքներում էլ լինում է, սուտ կլինի, որ ասեմ` չեմ նեղվում, բայց դե… Գոհ եմ, շնորհակալ եմ իմ երեխեքի համար, որ Աստված հենց իրանց է ինձ տվել։ Ես իմ երեխեքով շատ հպարտ եմ, հասկացող են, օգնող են, հասնող են, չեն նեղվում բացարձակ, շատ խելացի էրեխեք են, սովորող են, ամենակարևորը, լավ մարդ են։ Մենք` մեզանով։ Աշխատում ենք, չարչարվում ենք, հողամաս եմմշակում, իմ բանջարեղենը իմ հողամասից եմ հավաքում, իմ այգու խնձորն եմ հավաքում:

Արցախից տեղահանվելու, գյուղի խնդիրների, նախկին իշխանությունների և Փաշինյանի կեղծ խաղաղության, Արցախը հանձնելու մասին

2010 թ․-ին գնացել եմ Արցախ, 2020 թվի հոկտեմբերի 6-ից պատերազմի պատճառով եկել ենք Հայաստան։ Բնակվել ենք էս գյուղում, քանի որ իմ հայրիկս, մայրիկս, եղբայրս էս գյուղում են եղել, էս գյուղում ապրել էի, գիտեի նիստուկացը, դրա համար էլ ինձ համար հեշտ էր էս գյուղում ապրելը, ճանաչում էի բնակիչներին, ոչինչ չէր փոխվել, նույնն էին, ու չեմ փոշմանում, որ եկել եմ էս գյուղ։

Մենք մեզ համար ապրում ենք, ունեմ շատ լավ հարևաններ, եթե փուշ մտնի մատս, ինձ կհասնեն, իրանց լինի, ես առաջինը կհասնեմ։ Բայց գյուղը ջրի, տրանսպորտի խնդիր ունի, չունենք ջուր, չունենք տրանսպորտ։ Չունենք բուժկետ, եթե Աստված ոչ անի իրիկունը, ահել, թե ջահել, վատանա, մենք չենք կարա փրկենք, պետք է մեռնի էս գյուղում, որովհետև չունենք բուժկետ, չունենք դեղորայք, չունենք համապատասխան միջոցներ, որ օգնեն։ Ունենք բուժքույր, շատ լավ մարդ, որին երբ զանգում ենք, աջակցում է, օգնում է, բայց դա շատ քիչ է մեր համայնքի համար։ Պետք է ունենանք բուժկետ, որ հասնի, գոնե առաջին օգնությունը ցուցաբերի։ Հոսանքի խնդիր էլ ունենք, լինում ա` ամիսներով չի վառվում, հեսա 10 օր ա` հոսանքը չի վառվում, չգիտենք` ինչ խնդիր ա…

Գյուղը շատ բնակչություն ա ունեցել, բայց շատերը լքել են գյուղը ու պատճառը եղել է բուժկետ չունենալը, ջրի բացակայությունը, տրանսպորտի խնդիրը… Մենք հույս էլ չունենք, որ երբևիցե գոնե խմելու ջրի հարցը կլուծվի։ Մի շաբաթից ավելի խմելու ջուր չկա, որ իմ լվացքի մեքենան աշխատի։ Մենք էն գետի ջրից ենք օգտվում։ Խմում ենք, հա՛, գետի ջրից եթե ջուր չունենք, գետի ջրից ենք խմում…  Այո, Սիսիանի համայնքապետարանն էլ է տեղյակ, Սյունիքի մարզպետն էլ է տեղյակ, մեր համայնքի ղեկավարն էլ է տեղյակ։ Ջուր չկա, մարդ չի իմանում` ինչի։ …Համայնքի որևէ բնակիչ չի կարասի, որ իրենց էրեխեն էս ջրից չի խմում… Ջրից թունավորվել էին դպրոցում, մեր դպրոցի տնօրենն էլ էր տեղյակ, Սիսիանի հիվանդանոցն էլ էր տեղյակ… Մարզպետը անձամբ ինքն էլ է լսել, ասել եմ, էրեխեքը էդ ջուրը խմել էին, դպրոցում վատացել…

…Հիմա դպրոցում մեկը ընկնի ոտքը ճղի, ջարդի, չկա էն օգնությունը, որ պետք է ցուցաբերեն, հասցնեն Սիսիան հիվանդանոց։

Ցավալին, գիտե՞ք, որն ա, որ մեր կառավարությունը ենթարկվում է ուրիշին, բայց ինքը իրան չի կարողանում հստակեցված առաջ տանել։ Ես էս րոպեին ոչ թե իմ համար եմ վախենում, ոչ, կարող է և գիշերը պատերազմը լինի, մեր էրեխեքն են ափսոս, մեր սահմանի կանգնած էրեխեքն են ափսոս, Արցախում էլ էդքան երեխա զոհվեց…

Էդքան գերիներ ենք թողել, ո՞ր մեկին է հետ բերել Փաշինյանը, ո՞ր մեկին է հետ բերում, ո՞ր մեկին հետ բերելու ուղղությամբ է աշխատում… Կար ժամանակ, երբ ես Փաշինյանին մեծարում էի, ու ես իրան մեղավոր չէի համարում, բայց ես հիմա իրա մեղավորությունը էնքան շատ եմ տեսնում, որ բառերով ապրածս կյանքով չեմ կարող նկարագրել։

Եթե Փաշինյանը պետք է Արցախը հանձներ Ադրբեջանին, ինչի՞ թույլ տվեց, որ էսքան մեր երիտասարդները զոհվեին, ի՞նչ էին արել էդ երեխաները իրան… Ոչ մի վնաս չէին տվել, չէ՞, էդ անմեղ էրեխեքը դիրքերում ծառայում էին։ Արյան ծարա՞վ էր…

…Ի՞նչ նախկիններ։ Էդքան վատաբանում են թե՛ Քոչարյանին, թե՛ Սերժին, ես ոչ մեկի կողմնակիցը չեմ, բայց ես 43-տարեկան եմ, հիշողությունս չի դավաճանում ինձ, լավ ու վատ տարիների միջով անցել ենք, պատերազմից պատերազմ անցել եմ, ես երեխա եմ եղել, որ Շահումյանի շրջանից գաղթվել ենք, սարերով եկել ենք Հայաստան, ու նույնը Արցախից դեպի էլի Հայաստան, բայց ես չեմ տեսել, որ Քոչարյանը կամ Սերժը Ալիևի հետ ծիծաղալով ոտերները հանեն, մզկիթում աղոթեն… Ես նման բան չեմ տեսել։ Ինչի՞ ուրախացել ես, որ 5000-6000 երիտասարդի տվել ես իրանց մատաղ։ Ես էդ ճիշտ չեմ համարում։ Չեմ հավատում, որ խաղաղություն կա ու կլինի։ Ես երբեք չեմ հավատում, ու ամեն վայրկյան վտանգը գնալով ավելի շատ եմ մեծ տեսնում, քան խաղաղություն ասված հասկացողությունը։

Ես լավ բան չեմ տեսնում, հետևում եմ, նայում եմ, լսում եմ, հետևում եմ լուրերին… Ամենաշատը ես եմ ուզում, որ խաղաղություն լինի։ Ինչի որ խաղաղություն է ասում, էդ ո՞ր մի հայաստանցին է հաստատ համոզված, որ Սյունիքով միջանցքը բացվի, Սյունիքը հանգիստ ապրելու է։ Սյունիքում օրը մի երիտասարդ տղա երեխա է կորելու… Ամեն օր ո՞վ է կանգնելու մեջտեղին ասի`էդ տենց չի, նենց է։ Ինչի՞ որ Կարմիր խաչը արցախցիներին բերում էր, քի՞չ է եղել, որ իրա ձեռքից հայ էրեխեքին տարել են ու չեն կարողացել հետ բերել…

Կարող է սարիցը հիմա իրիկունը ադրբեջանցին իջնի, մենք էլ 5 րոպեի բրդուճ ենք իրա համար։ …Ես սաղ ձմեռ, այ սենց հագուստով քնում եմ, զարթնում եմ, սարիցը որ լույսեր եմ տեսնում, զանգում եմ սարում կանգնած մեր տղերքին, հարցում եմ` ի՞նչ կա, ինչ վիճակ ա, ասում են` ոչինչ, արխային քնի… Ես իմ փորձից եմ, ասում է, ես ուրիշի տեղը չեմ կարա խոսամ։ Պտի ստեղ ապրես, որը զգաս, ահ ու սարսափը ո՞րն է։ Պտի ապրես, որը զգաս, բայց Նիկոլն ի՞նչ է տեսել, որ էլ հլը ահ ու սարսափը զգա։

Ասում ա` հերոսածին մայր ա Աննա Հակոբյանը, թե ինչի՞ համար ա հերոսածին, ես չգիտեմ։ Ես էլ եմ հերոսածին մայր, 9 երեխա ունեմ, բայց իմ ահ ու վախը իմ սրտիս մեջ է։ 9 ամիս իմ երեխեն բլոկադայի մեջ մնաց, մինչև եկավ հասավ տուն շրջափակումից, լեղիս ջուր էր դառել։ Ու ցանկացած մայր էդ կարգավիճակում եղել ու կա։

Ինչի՞ Հայաստանում որևիցե մայր կա՞, որ հանգիստ գլուխը բարձին է դնում։ Տենց մայր չկա ու չի էլ լինի, որովհետև Ալիևը ինչ ուզում է, ինչին սպասում է, ունենում է։

Էսօր ուզի Հայաստանը իրանը լինի, վաղը իրանն է լինելու, բա հլը թող Հայաստանի կառավարությունը մտածի, որ էսօր Ադրբեջանը իրանը կլինի, իրանը կլինի՞․․․ Անջախ ասում են՝ Իշխանասարը ցուրտ սար ա, ինչների՞ս է պետք է։ Շուշին, մեռյալ քաղաքը, ձեր ինչի՞ն էր պետք…

Մեր կառավարությունը այդ հականիշ-հոմանիշների հասկացողության մեջ ա… Այ, որ մի հատ երեխա ունենար շրջափակման մեջ, մի բարեկամ ունենար շրջափակման մեջ, ինձ թվում է, տենց արտահայտություն չէր անի։ Այ, որ մի հատ հարազատ ունենա Տեղ գյուղում, Շուռնուխում ապրող թուրքի դեմ դիմաց, նման արտահայտություն չեն անի… Որ երեխա ունենան ծառայության մեջ, նման բան չեն ասի…

Եղբորս երեխեն 9 տարեկան է։ Դպրոցում ռուսերեն հարց են տալիս՝ պապա, էրեխեն չի պատասխանում։ Զանգում են, ծնողին կանչում են դպրոց, հարսս գնում է, դասատուն բողոքում է, որ էրեխուն հարցրել եմ՝ պապա բառը հայերեն բացատրի, երեխեն եկել է, մորն ասում է՝ մամ, ի՞նչ ես գնացել դպրոց, ես պապա ունե՞մ, որ պատասխանեմ՝ ի՞նչ է նշանակում պապան։

Թող գնան Նիկոլին հարցնեն… Ո՞նց կարաս դու թուրքի հետ ապրես` իմանալով, որ քո երեխուն մորթել է, իմանալով, որ քո ախպորը սպանել, մաշկել է գառան նման, դու իրա հետ ապրե՞ս…  կյանքում երբեք չես կարա նրա հետ ապրես…

Այս սենց հայաթափելո՞ւ է Հայաստանը, տա ադրբեջանցիներին։ Մեր կառավարությունը ենթարկվում է Ալիևին, նրա բռունցքը երկաթի, որ տեսնում ես, խի չպիտի էնի տենց խոսա, ինչ ուզում է, ինչի մասին երազում է, ունենում է, որովհետև գիտի, որ հայը երբեք իրա հետը չի ապրելու, ասում ա` Արևմտյան Ադրբեջան… Դե թող Փաշինյանը Ալիևին Հայաստանն ասի, որ Արևմտյան Ադրբեջանը Հայաստանն է։ Դե տեսնամ կարա՞, չի կարա։ Մեր կառավարությունը շատ թույլ ա…

Քառօրյա պատերազմ ենք տեսել,  ականատես ենք, դրա միջով անցել են, բայց երբեք սենց չենք եղել, երբեք ես չեմ մտածել, որ պետք է իմ տունս թողնեմ, թեկուզ մի ժամով մինչև Գորիս հասնեմ։ Կարկուտի պես թափում էր երկնքից գիշեր-ցերեկ…

Իսկ էս պատերազմում ասում էի` տեր Աստված, գոնե երեխեքիս կարանամ հանեմ գյուղից…  Բայց էլի չեմ ուզել Արցախից դուրս գամ, մեզ զոռով են հանել մեր տներից։ Կամավորներն են մեզ հանել, էրեխեքին հանեցին…  Մեզ ասեցին՝ մենակ թղթերը վերցրեք, մեկ էլ`մի քիչ անհրաժեշտ իրեր… ապրեն, մալադեց իրանց, իրանք վիրավոր, մեզ բերել են գյուղ, իրանք գնացել են… Չեմ պատկերացնում, որ օրերից մի օր կարող է ինչ-որ մարդ լինի, որ իրանց էրեխեքին մոռանան, ուրանան, ադրբեջանցու հետ ապրեն, առուծախս անեն, առաջվա պես ապրեն… Նման բան չի կարա լինի։

 

Տեսանյութեր

Լրահոս