«Թրամփի միջանցքը» հանգեցրել է Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունների վատթարացմանը

«Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ Զանգեզուրի միջանցքի իրագործումն արդեն լուրջ խնդիրներ է առաջացրել Ադրբեջանի և Վրաստանի հարաբերություններում, որը մինչ այժմ տարածաշրջանի առանցքային տարանցիկ օղակն էր, Թբիլիսիից հաղորդում է «Վզգլյադի» թղթակից Դմիտրի Ալեքսանդրովը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄներին:

«Վերջին ամիսներին Բաքվի և Թբիլիսիի միջև հարաբերություններում նկատվում է տագնապալի տեղաշարժ»,- նշում է ադրբեջանական Minval պարբերականը՝ հիշեցնելով, որ ադրբեջանցի վարորդները սեպտեմբերից վրացական սահմանին պարբերաբար բախվում են ձգձգումների։

ԶԼՄ-ները հայտնում են՝ Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են քննարկել ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման հնարավորությունները, ինչի կապակցությամբ Բաքուն Թբիլիսիից պահանջել է սակագին Գարդաբանի–Սադախլո հատվածի համար:

«Երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության բացակայությունը Վրաստանի տարածքով տարանցումը դարձնում է միակ երթուղին։ Վրաստանի արձագանքը հանդիսացավ որոշակի ինդիկատոր՝ ոչ միայն առևտրային դիրքորոշման, այլև քաղաքական մտածողության։ 111 կիլոմետրանոց հատվածի համար առաջարկել է 92 ԱՄՆ դոլար սակագին՝ մեկ տոննայի համար, ինչը կազմում է 0,82 դոլար մեկ տոննայի դիմաց մեկ կիլոմետրի համար: Համեմատության համար՝ Ադրբեջանի տարածքով նմանատիպ բեռները տեղափոխվում են 680 կմ հեռավորության վրա՝ Յալամա կայարանից մինչև Բեյուկ Քյասիկ կայարան՝ 17 ԱՄՆ դոլար սակագնով, այսինքն՝ 0,02 դոլար մեկ տոննայի դիմաց մեկ կիլոմետրի համար։ Դա 40 անգամ ավելի ցածր է, քան Վրաստանի առաջարկած սակագինը»,- նշում է Minval-ը:

Լրատվամիջոցն արձանագրում է՝ Վրաստանը «խաթարում է առանցքային գործընկերոջ՝ Ադրբեջանի վստահությունը»: Ըստ ադրբեջանական պարբերականի՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը Վրաստանին կզրկի լոգիստիկ մենաշնորհից։ «Այսօր Վրաստանը փաստացի հանդես է գալիս խաղաղության կայուն տարածաշրջանային ճարտարապետության և փոխշահավետ տնտեսական կապերի ձևավորման դեմ»,- գրում է Minval-ը: «Այն երկիրը, որի տնտեսության մեջ Բաքուն կայուն ներդրումներ է կատարել և որին աջակցել է տասնամյակներ շարունակ, չի կարող իրեն թույլ տալ Ադրբեջանի շահերն անտեսելու շռայլություն»:

Սակագների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում Թբիլիսին դեռ չի հայտնել։ Վրացի քաղաքագետ Կոռնելի Կակաչիան «Ռեզոնանսի» թերթին ասել է, որ եթե «սակագնային պատերազմը» կապված է ապագա «Զանգեզուրի միջանցքի» հետ, ապա դա վրացական կողմի «չմտածված քայլն» է Ադրբեջանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ դեմ: Նրա խոսքով՝ Վրաստանը կպահպանի «Ադրբեջանի և Թուրքիայի միջև հիմնական կապող գործառույթը», նույնիսկ, եթե «Թրամփի երթուղին» նրանից խլի բեռնափոխադրումների մի մասը: Փորձագետը կոչ է անում սակագների հարցը լուծել փոխզիջման միջոցով՝ էսկալացիայից խուսափելու համար։

vz.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս