ՆՓ-ն զբաղված է անգրագետ թեզեր առաջ քաշելով. կարծես թե ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել «իրական Հայաստանի» բռենդ, որ ոմանց ասածները «լեգիտիմ» լինեն. Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը (ՆՓ) գործարարների հետ աշխատաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի «պետական շահը տնտեսական զարգացումն է»։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում այս անգրագիտությունը իր կողմից հնչեցվում է արդեն չորրորդ անգամ (ինչն ամենևին էլ չի նսեմացնում իր բացասական հանճար լինելը)։ Զարմանալի է, բայց փաստորեն մարդ կարող է յոթ տարուց ավել լինել պետության ղեկին, բայց մինչև հիմա չիմանալ, որ ըստ քաղաքագիտական ու միջազգային հարաբերությունների հայեցակարգման, տնտեսական զարգացումը ինքն իրենով գլխավոր պետական/ազգային շահ լինել չի կարող, քանի որ տնտեսական ներուժն ու դրա մեծացում-զարգացումը հանդիսանում է պետական/ազգային շահի սպասարկման գործիքներից, միջոցներից մերը։

Նույնն է, թե ասես․ փող աշխատելն իմ վերջնանպատակն է` առանց այն ներդնելու, ծախսելու, գործիք-միջոց կիրառելու որևէ նպատակի։ Կամ օրինակ նույնն է եթե ասես․ ես նախաճաշում եմ, որպեսզի ցերեկն ու երեկոյան նույնպես ուտեմ։ Ոչ թե ուտում եմ, որպեսզի ֆիզիկա-մտավոր ֆունկցիոնալությունս տեղը լինի, որ արարեմ, ստեղծագործեմ, աշխատեմ հանուն իմ շահերի ու հետաքրքրությունների, կամ պարտականությունների իրագործման։

Որ գոնե պատկերացում կազմի, թե ինչ է պետական/ազգային ու ռազմավարական շահերը ՆՓ-ն կարող է սկսել պրոֆեսոր Ֆրանկելի National Interest Key։ Concepts in Political Science գիրքից ու վերջացնի UCL-ի իմ կոլեգա և լավ բարեկամ պրոֆեսոր Ֆիլիպ Քանլիֆի The National Interest: Politics after Globalisation աշխատությամբ։

Եվ այսպես, արդյո՞ք տնտեսական զարգացումը կարող է լինել միակ ազգային շահը։ Կարճ պատասխանն է՝ ոչ։

Տնտեսական զարգացումը ինքնին չի կարող հանդիսանալ կամ հռչակվել ազգային շահ, և այն ինքնին չի կարող հռչակվել ազգային շահ, եթե իհարկե պետությունը կայացած է իսկ իր կառավորող էլիտան՝ ադեկվատ։ Տնտեսական զարգացումը կարող է լինել մշակված/հռչակված պետական/ազգային շահի սպասարկող բաղադրիչ, քանզի տարբեր տեսական մոտեցումներում՝ լինի դա ռեալիզմ, լիբերալիզմ, կամ Անգլիական դպրոց՝ ազգային շահը դիտարկվում է որպես բազմաշերտ համակցություն, և ոչ երբեք մեկ-գծային նպատակ։

Տնտեսական զարգացումը նույնիսկ որոշ դեպքերում կարող է դիտարկվել կենտրոնական ուղղություն մեկ շահերի մեկ առանձին բլոկում, եթե ազգային շահն է (և այն հստակ ձևակերպված է որպես ռազմավարություն), օրինակ Հայաստանը դարձնել տարածաշրջանի էլեկտրոէնորգիայի լուրջ արտահանող, որի քաղաքական նպատակը կլինի Հայատաանից ստեղծել կախվածություն, ինչը տնտեսական մակարդակում կտա համեմատական առավելություն պետությանը կոնկրետ վերցված ոլորտում։ Կամ օրինակ ԱրԲանէի (AI) հիման վրա տեխնոլոգիական մրցունակ ռազմաարդյունաբերության ստեղծում, որը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, կմեծացնի նրա ռազմավարական զսպման կարողություններն, բայց միևնույն ժամանակ կդառնա արտաքին ազդեցություն պրոյեկտելու գործիք՝ տեխնոլոգիական դիվանագիտության ու դրա հիման վրա դաշնակիցներ-ռազմ․գործընկերներ ձեռք բերելու առավելություն։ Հետևաբար, տնտեսական զարգացումը՝ նախ արդյունք է որևէ կոմպլեքս ու բազմաշերտ ռազմավարական պլան/շահ/նպատակ իրականացնելու և միևնույն ժամանակ դրանք սպասարկելու գործիք։

Հետևաբար՝ տնտեսական զարգացումը գործընթաց է, ոչ թե շահ։ Ազգային/պետական շահը արտացոլում է նպատակ, տեսլական,մինչդեռ տնտեսական զարգացումը գործընթաց և արդյունք, որը կիրառվում է հաշին այսինքն նպատակին ու տեսլականին հասնելու համար։ Հետևաբար գրագետ չէ նպատակը փոխարինել ընթացքով։ Ազգային շահը կայուն և տևական (դինամիկ) երևույթ է, մինչ տնտեսական առաջնահերթությունները փոփոխական ու ադապտիվ են՝ կախված շուկաներից, քաղաքական վարքագծերից ու գործընթացներից, արտաքին ցնցումներից, և այլն։ Կարելի է ասել, որ տնտեսական զարգացումը կգնտվում է մշտական դիալոգի մեջ պետական/ազգային շահի հետ և այն ադապտացվում է՝ կախված թե ինչպես առավել արագ ու էֆեկտիվ հնարացոր կլինի սպասարկել պետական/ազգային շահը։

Ի վերջո, տնտեսական զարգացումը չի ստեղծում ինքնություն պետության վարքագծի ու ազգային քաղաքական նկարագրի մեջ։

Ազգային/պետական շահը հաճախ արտացոլում է պատմական հիշողություն, ինքնութենական բազմաթիվ շերտեր, հավաքական նկարագիր, հավաքական իղզերի իրականացում և տեսլական, կոլեկտիվ կոնսոլիդացիայի մոտիվացիա, աշխարհաքաղաքական դիրքավորում, և այլն։ Կարճ ասած, ի տարբերություն ազգային/պետական շահի, տնտեսական զարգացումը չունի այս ազգ–կոնստրուկտ կառուցող բնույթ։ Չմոռանանք, որ մի շարք քաղաքագետներ և գիտնականներ հաճախ ընդգծում են, որ ժամանակակից պետությունների ազգային շահերը ինչ որ առումով գաղափարախոսություններ են։ Պետական/ազգային շոհն իր մեջ այդ թվում պարունակում է ազգային հավաքական ամբիցիա։

Պետությունը, ինչպես նշեցի, ունենում է պետական շահի սպասարկման գործիքներ, որոնցից մեկն էլ հենց տնտեսական ներուժն ու դրա զարգացումն է։ Օրինակ Հայաստանի պարագայում, կա մի գործիք, որ շատ պետություններ չունեն` սփյուռքը։ Այո, կայացած ու ռազմավարությամբ առաջնորդվող պետությունների ձեռքին իրենց ազգային սփյուռքը նույնպես հանդիսանում է պետական/ազգային շահը սպասարկելու գործիք։

Հայաստանի Հանրապետության տարբարեկվող հիմնական ռազմավարական ու անվտանկային շահն էր Արցախն ու իր բացարձակ հայկական տիրապետության պահպանումը։ Որովհետև․

1. Արցախը բարդ տարածաշրջանակարգային կոնֆիգուրացիայում Հայասատանի Հանրապետության հիմնական ուժային բազան էր (power base), Հայաստանի Հանրապետության հիմնական ուժային դիրքեր ապահովողը (power positions)՝ հայկական պետությանը թե աշխարհագրական առավելություններ և թե տարածաշրջանային աշխարհաքաղաքական մեջ էական արժեկշիտ տալու առումով։

2. Արցախի տիրապետման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ունակ էր պահպանել ուժային հավասարակշռությունը Ադրբեջանի հանդեպ՝ տալով տեղ-տեղ հավասար, իսկ տեղ-տեղ առավելություն վերջինիս հետ ուժային խաղի մեջ (power game)։

3. Հայաստանի համար Արցախի առկայությունը հնարավորություն էր տալիս ոչ միայն պրոյեկտել ազդեցություն իր իսկ անմիջական միջավայրում, ունենալ արտաքին քաղաքական մանևրականություն այլ նախ և առաջ ապահովել ռազմավարական խորք և աշխարհագրության առավելության` տալով հնարավորություն իրականացնել Ադրբեջանի հանդեպ կոնվենցիոն զսպման ռազմավարություն` զսպելով վերջինիս սուբհեգոմոնիկ և օրակարգ թելադրող դառնալու ամբիցիաները տարածաշրջանում։

4. Արցախը Հայատանաի համար անվտանգային, դեմոգրաֆիկ, ջրային, տնտեսական-֊հումքային ինքնավարության և կենսունակության կարևոր գործոնն էր։

Սակայն, Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական ու անվտանգային շահը փաստացիորեն դավաճանվեց ներկա կառավարող էլիտաի կողմից` հանձնելով Արցախի հանդեպ Հայաատանի Հանրապետության բոլոր իրավունքները, ինչն էլ բերեց մեր պետության աշխարհաքաղաքական ու ուժային արժեկշռի էական անկման՝ հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանը small power կարգավիճակից իջավ micro-state կարգավիճակի, մինչ Ադրբեջանը small power կարգավիճակից ձգտելով բարձրանալ ու հասնել հառնող միջին տերության (rising middle power) կարգավիճակի։

Հայաստանի գրեթե բոլոր ներկա ու հետագա խնդիրները լինելու են Արցախի կորստի հետևանք, խնդիրներ, որոնք կարող էին չլինել Հայաատակի կողմից Արցախի տիրապետումը ամեն կերպ պահպանման շնորհիվ։

Բայց, դե հիմա ի՞նչ։ ՆՓ-ն զբաղված է անգրագետ թեզեր առաջ քաշելով, թե բա տնտեսական զարգացումը պետական շահ է։ Ըհը։ Մել էլ Ադրբեջանին ամբողջական հպատակեցումն է պետական շահ, նրա ռազմավարական ազգային շահերի սպասարկումը քո ազգի ապագայի հաշվին։

Ընդհանրապես, կարծես թե ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել «իրական հայաստանի» բռենդ, որ ոմանց ասածները «լեգիտիմ» լինեն»:

Տեսանյութեր

Լրահոս