Կոլումբիան կասեցնում է հետախուզական ծառայությունների փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կարգադրել է դադարեցնել երկրի անվտանգության ուժերի հետախուզական ստորաբաժանումների փոխգործակցությունն ամերիկյան գործակալությունների հետ՝ Կարիբյան ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից նավակներին հասցվող հարվածների պատճառով:
Այս մասին նախագահը գրել է X սոցիալական հարթակում։«Հանրային անվտանգության ուժերի հետախուզության բոլոր մակարդակներին հրաման է տրվել կասեցնել տեղեկատվության փոխանցումը և ամերիկյան կառույցների հետ փոխգործակցության մյուս ձևերը։ Այս միջոցը կպահպանվի, քանի դեռ շարունակվում են հրթիռային գրոհները Կարիբյան ծովում նավակների վրա։ Կարիբյան տարածաշրջանի ժողովուրդների մարդու իրավունքները պետք է ավելի գերակա լինեն, քան թմրանյութերի դեմ պայքարը», – գրել է Պետրոն։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիան նույնպես կասեցրել է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը Կարիբյան ծովում կասկածելի նավերի վերաբերյալ, քանի որ չի ցանկանում մասնակից լինել ռազմական հարվածներին, որոնք համարում է անօրինական։
Պետրոն ավելի վաղ քննադատել է Վաշինգտոնի գործողությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելով այն բանում, որ նա ձգտում է Վենեսուելան նվաճել թմրամաքսանենգության դեմ պայքարի պատրվակով։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթային պաշարների նկատմամբ, իսկ նավերի վրա հարձակումները, որոնք հանգեցրել են Լատինական Ամերիկայի տասնյակ քաղաքացիների զոհվելու, Պետրոն համարում է միջազգային իրավունքի խախտում։Այս հայտարարություններից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Պետրոյի, նրա կնոջ և որդու, ինչպես նաև Կոլումբիայի ներքին գործերի նախարար Արմանդո Բենեդետտիի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Կոլումբիայի ղեկավարն այս միջոցառումները որակել է կամայական։

