
Կատարի էմիրը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը և Գազայի դեմ պատերազմը

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին սեպտեմբերի 16-ին Դոհա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակին։
«Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցության ամրապնդման ուղիները, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Նրանք նաև քննարկել են վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի վրա Իսրայելի կողմից դավաճանական հարձակման հետևանքները», – ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։
Դիվանագետը պարզաբանել է, որ շեյխ Թամիմը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակման և Գազայի դեմ պատերազմի վերաբերյալ հարցեր՝ ընդգծելով, որ Կատարի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ռազմավարական են, հատկապես պաշտպանական ոլորտում։
Նա նշել է, որ Կատարի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության շտաբի վրա Իսրայելի իրականացրած հարվածն ընդգծում է համատեղ պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի և Կատարի միջև նոր համաձայնագրի հնարավորինս շուտ կնքման անհրաժեշտությունը։
Ալ-Անսարին ընդգծել է Դոհայի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և միջոցներ ձեռնարկելու ցանկացած հարձակման կրկնությունը կանխելու համար՝ նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված ուղերձն այն է, որ միջազգային իրավունքի անպատասխանատու խախտումը չի շարունակվելու։
ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցությունների վերաբերյալ ալ-Անսարին ասել է, որ դրանք այժմ իրատեսական չեն թվում, քանի որ «Նեթանյահուն ցանկանում է սպանել բոլոր նրանց, ում հետ բանակցում է, և ռմբակոծում է միջնորդ երկիրը»։
Ալ-Անսարին բարձր է գնահատել սեպտեմբերի 9-ին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վրա Իսրայելի իրականացրած հարձակումից հետո արաբական և իսլամական երկրների դիրքորոշումը Կատարի Պետությանը համերաշխություն հայտնելու հարցում։ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար՝ հորդորելու Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։
Ռուբիոն մինչ այդ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Իսրայելում, որտեղ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։