Տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային լուծումներ են պահանջում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Ստամբուլում Չեռնոգորիայի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված «Չեռնոգորիայի պետականության օրվա»-ն նվիրված ընդունելությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ելույթի ընթացքում Ֆիդանն անդրադարձել է միջազգային համակարգի գործունեությանը տարածաշրջանային հակամարտությունների և գլոբալ խնդիրների լուծման համատեքստում։ Ըստ Ֆիդանի՝ միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ գլոբալ արդարություն հաստատելու համար առաջին քայլը պետք է արվի մեր աշխարհագրական տարածքում, իսկ փոփոխությունները պետք է սկսվեն մեր շրջակայքից։

«Մենք՝ որպես Թուրքիա, այս հարցում անտարբեր չենք մնացել, մենք միշտ պատրաստակամորեն ձեռնարկել ենք անհրաժեշտ քայլեր։ Մենք վճռականորեն շարունակում ենք մեր պայքարը՝ մեր նախագահի որդեգրած տեսլականի համաձայն։ Մենք ունենք մի արտաքին քաղաքականություն, որը հենց ինքն է ստեղծում լուծումներ և ստանձնում պատասխանատվություն։ Դա անելիս մենք միշտ առաջնահերթ ենք համարում մեր անմիջական շրջակայքը»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային լուծումներ են պահանջում՝ հավելելով. «Մենք գիտենք, որ եթե մեր տարածաշրջանում խաղաղություն, արդարություն և կայունություն չստեղծենք, չենք կարող նաև աշխարհին հույս ներշնչել»։

Տեսանյութեր

Լրահոս