Բաժիններ՝

ԱԷՄԳ-ն և Թեհրանը համաձայնության են եկել իրանական միջուկային օբյեկտներում մոնիթորինգի անցկացման շուրջ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է, որ Կահիրեում համաձայնագիր է ստորագրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Իրանում ԱԷՄԳ-ի տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակների շուրջ։ Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի տարածած հայտարարության մեջ։

«Տեխնիկական փաստաթուղթը հստակ պատկերացում է տալիս ստուգումներ անցկացնելու, ծանուցումներ փոխանցելու և դրանց գործնական կիրառման ընթացակարգերի մասին՝ լիովին համապատասխանելով Համապարփակ անվտանգության համաձայնագրի դրույթներին։ Դրանք (ստուգումները) վերաբերում են Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին և կայանքներին, այդ թվում՝ հարձակման ենթարկված օբյեկտներին և այնտեղ գտնվող միջուկային նյութերին», – նշել է նա։

Գրոսին պարզաբանել է, որ Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտների մասով Իրանը կհետևի իր սեփական ընթացակարգերին՝ համաձայն վերջերս ընդունված օրենսդրության, որը «կհարթի ճանապարհը համապատասխան ստուգումների և օբյեկտներ մուտք գործելու համար»։

Այս օբյեկտներում, նրա խոսքով, մոնիթորինգի հատուկ ընթացակարգերը «կվերանայվեն տեխնիկական մակարդակով», սակայն «միշտ կհամապատասխանեն Իրանի և ԱԷՄԳ-ի իրավունքներին և պարտավորություններին»՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։Գրոսին նաև բարձր է գնահատել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս չգալու՝ Թեհրանի պատրաստակամությունը։Միևնույն ժամանակ, ըստ նրա, Իսլամական Հանրապետությունը նաև նշել է մի շարք հարցեր, որոնք իրեն մտահոգություն են պատճառում։ 

«ՄԶՉՊ-ի պարտականությունն է լսել այս հարցերը և գտնել դրանց պատասխանելու ուղիներ, որոնք թույլ կտան փոխզիջման հասնել Իրանի նոր օրենսդրության և նրա միջազգային պարտավորությունների միջև», – նշել է նա։

X-ում գրառման մեջ Գրոսին նաև շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի նախագահին՝ համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս զարգացումը կարևոր քայլ է Իսլամական Հանրապետության բարի կամքի և խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու նրա հանձնառությունը ցույց տալու գործում։Նա նաև նշել է, որ Իրանը անսասան է մնացել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում խաղաղ միջուկային էներգիայի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության հարցում։

Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր օրենք, որով դադարեցվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը և երկրի միջուկային օբյեկտներում բոլոր ստուգումները։ Սակայն ավելի ուշ կողմերը խորհրդակցություններ են սկսել համագործակցության նոր պայմանները որոշելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930