
«Ուժերի հավասարակշռությունը Բաքվի օգտին է». Ալիևը կրկին սպառնացել է Երևանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հետ կանգնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից, և որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը հիմա Բաքվի օգտին է:
Al Arabiya-ին տված հարցազրույցում նա Երևանին սպառնացել է, որ հետևանքներ կլինեն, եթե հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ապագա կառավարությունը կասկածի տակ դնի վաշինգտոնյան պայմանավորվածությունները:
«Կարծում եմ՝ դա ակնհայտ է բոլորի համար, և եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համարժեք պատասխան կտանք․․․ Սա երկու պետությունների միջև կնքված համաձայնություն է։ Սա իմ ու Փաշինյանի միջև համաձայնություն չէ»,- հայտարարել է նա։
Ալիևի կարծիքով՝ նշված փաստաթղթից Հայաստանի հնարավոր հրաժարումը կվատթարացնի նրա հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ: Ալիևը նաև հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կլինեն:
«Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը այնտեղ (Հայաստանում– խմբ.) խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո՛, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը: Բայց դա շատ կվնասեր հենց Հայաստանին»,-հավելել է նա։