Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից մոտ 50 պաղեստինցի է զոհվել

Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ օգոստոսի 26-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 48 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Համաձայն տեղեկությունների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է 75 զոհ և 370 վիրավոր։

Գազայի Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 303-ի, որոնց թվում 117-ը երեխաներ են։

Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ Արևմտյան ափի  Ռամալլահ և ալ-Բիրա քաղաքների վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման ժամանակ վիրավորվել է 58 պաղեստինցի։

Կարմիր մահիկի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը խոչընդոտում են իրենց անձնակազմին հասնել Ռամալահի կենտրոնում և ալ-Բիրա քաղաքների պաշարված տարածքում գտնվող վիրավորներին։

Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող մարմինը հայտարարել է, որ բանակը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Ռամալլահ քաղաքում։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62819 հազարի, վիրավորվել է 158629 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս