
ԱՄՆ-ի հատուկ բանագնացը հայտնել է, որ Իսրայելը դուրս կբերի զորքերը Լիբանանի տարածքից, երբ «Հեզբոլլահ»-ը զինաթափվի

Լիբանանի կառավարությունն առաջիկա օրերին կներկայացնի իր ծրագիրը «Հեզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ, որից հետո Իսրայելը հանդես կգա Լիբանանի տարածքից դուրս գալու առաջարկով։
Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ Բաաբդա պալատում կայացած մամուլի ասուլիսում։
«Իսրայելը մտադիր չէ Լիբանանի հարավային շրջանները պահել օկուպացիայի տակ և կսկսի իր զորքերը դուրս բերել, սակայն ցանկանում է տեսնել կոնկրետ միջոցառումներ»,- նշել է Բարաքը։
Լիբանանյան El Nashra լրատվականի փոխանցմամբ՝ Բարաքը նշել է, որ Լիբանանի կառավարությունը հիանալի աշխատանք է կատարել այդ առնչությամբ։
«Մենք սպասում ենք օգոստոսի 31-ին կառավարության և բանակի ծրագրին: Մենք չենք խոսում պատերազմի բռնկման մասին, այլ այն մասին, թե ինչպես համոզել կուսակցությանը հրաժարվել զենքից»:
Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաստատել էր պետության կողմից զենքի վերահսկման որոշումը և հանձնարարել բանակին մշակել դրան առնչվող ծրագիր ընթացիկ ամսվա ընթացքում և իրականացնել այն մինչև 2025 թվականի վերջը:
«Հեզբոլլահ»-ը քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ որոշումը «լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին» և կայացվել է «Միացյալ Նահանգների հրահանգով»։
«Հեզբոլլահ»-ը նաև սպառնացել է, որ «Լիբանանում կյանք չի լինի», եթե կառավարությունը փորձի այն կիրառել։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։