Գազայի բժշկական համալիրին հասցված հարվածները պետք է մանրակրկիտ հետաքննվեն. ՄԱԿ

Գազայի «Նասեր» բժշկական համալիրին հասցված հարվածները, որոնց հետևանքով զոհվել են լրագրողներ, անընդունելի են և պետք է մանրակրկիտ և անկախ հետաքննվեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին ալ-Կիտանը։

«Այս դեպքը պետք է ենթարկվի մանրակրկիտ, անկախ և արդար հետաքննության»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ «Al Jazeera» հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցի ընդունարանի վրա իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է զոհվել: Պաղեստինյան կիսաէքսկլավի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ ռմբակոծության զոհ է դարձել 20 մարդ: Մահացած լրագրողներից Մարիամ Աբու Դիկկան և Մուհամեդ Սալյաման արտահաստիքային հիմունքներով համագործակցում էին ՌԻԱ Նովոստիի հետ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հասցրել է զանգվածային ավիահարվածներ. լրագրողներից մեկը սպանվել է առաջին, մյուսները՝ հաջորդ հարվածների հետևանքով:

Ալ-Կիտանը հիշեցրել է, որ Գազայի հատվածում հակամարտության սկզբից ի վեր առնվազն 247 պաղեստինցի լրագրող է սպանվել:

«Որպես օկուպանտ երկիր, Իսրայելի պարտականությունն է իրականացնել այդ հետաքննությունները։ Նախկինում Իսրայելն արդեն հայտարարել էր նման հետաքննությունների անցկացման մասին: Բայց մենք պետք է արդյունքը տեսնենք, որն առայժմ չենք տեսել, իսկ մեղավորները չեն պատժվել», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս