
Պեկինը ցնցված է Գազայում լրագրողների և բժիշկների մահվան մասին լուրերից. Չինաստանի ԱԳՆ

Չինական կողմը ցնցված է Գազայում իսրայելական հարվածի հետևանքով լրագրողների և բուժաշխատողների մահվան մասին լուրերից: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը:
Ավելի վաղ «Al Jazeera» հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է մահացել: Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ գնդակոծության զոհ է դարձել 20 մարդ: Մահացած լրագրողներից Մարիամ Աբու Դիկկան և Մուհամմեդ Սալյաման արտահաստիքային հիմունքներով համագործակցում էին ՌԻԱ Նովոստիի հետ:
«Մենք ցնցված ենք և դատապարտում ենք հարվածի հետևանքով բուժաշխատողների և լրագրողների ողբերգական մահը», – ասել է Գո Ծյակունը՝ հավելելով, որ չինական կողմը զորակցություն է հայտնում տուժածներին և ցավակցում զոհվածների ընտանիքներին:
Դիվանագետը նշել է, որ Չինաստանը խիստ մտահոգված է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակով, դատապարտում է ցանկացած գործողություն, որը խախտում է միջազգային իրավունքը, վնաս է հասցնում խաղաղ բնակիչներին, այդ թվում` լրագրողներին:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և հնարավորինս շուտ հաստատի համապարփակ և երկարաժամկետ հրադադար: