
Վաշինգտոնում անվտանգության մակարդակի բարձրացման համար Ազգային գվարդիային կարող են զենք տալ․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ստորաբաժանումները կարող են մոտ օրերս հրազեն ստանալ՝ որպես դաշնային հաստատությունների անվտանգության բարձրացման և հանցագործությունների կանխման միջոց: Այդ մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները:
Այժմ ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Ազգային գվարդիայի զինվորները զինված չեն. նրանց տրվել են միայն զրահաբաճկոններ: Թերթի տվյալներով՝ այժմ վարչակազմը մշակում է ստորաբաժանումներին հրազեն տալու հարցը: Գվարդիականները պետք է ուժեղացնեն դաշնային կառավարության հաստատությունների և այլ օբյեկտների անվտանգությունը Վաշինգտոնի կենտրոնում, ապահովեն ոստիկանների լրացուցիչ անվտանգությունը նրանց կողմից ձերբակալություններ կատարելիս, ինչպես նաև իրենց ներկայության շնորհիվ նվազեցնեն հանցագործությունների կատարման ռիսկը քաղաքում:
Վաշինգտոնում Ազգային գվարդիայի արդեն տեղակայված 800 զինվորներին կարող է միանալ ևս 750 հոգի:
Օգոստոսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մայրաքաղաքում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու մասին՝ հանցավորության դեմ պայքարի նպատակով: Նա նշել է, որ քաղաքի ոստիկանությունը կանցնի ուղղակի դաշնային վերահսկողությանը: Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հնարավոր է համարել, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում անվտանգության ապահովմանը կարող են ներգրավվել զինված ուժերը։